Հայաստանն առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ ստանձնի իր սահմանների պահպանության պատասխանատվությունը։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերմանը։
«Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին մենք շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք սահմանի պատասխանատվությունն ամբողջապես առաջիկա տարիներին պետք է վերցնենք մեր վրա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը չի հստակեցրել ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման ժամանակացույցը։
Հայաստանում ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորվում է 1992-ին ստորագրված հայ-ռուսական պայմանագրով։ Նրանք մասնակցում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանների պահպանությանը։
2024-ի մայիսին Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի մի շարք մարզերում տեղակայված ռուս զինվորականների ու սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
2024-ի օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դադարեցրել են ծառայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, 2025-ի հունվարի 1-ից՝ հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում, իսկ մարտի 1-ից՝ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում։
Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում մարդկանց մուտքի և ելքի վերահսկողությունն այժմ իրականացնում են բացառապես Հայաստանի սահմանապահ զորքերը։ Ռուս սահմանապահները շարունակում են մասնակցել հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանների պահպանությանը։












