Հայաստանն ամենայն հավանականությամբ կդիմի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարան՝ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ռուսական սահմանափակումների հարցով նախատեսված նիստը չի կայացել և տեղափոխվել է դեկտեմբերի 1։ Հայկական կողմը, սակայն, նրա հանձնարարությամբ այլ ռազմավարություն է որդեգրել։
Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ դատարան դիմելու երկու մեխանիզմ կա՝ բողոք ներկայացնելը և խորհրդատվական կարծիք ստանալը։ Հայկական կողմը նախատեսում է օգտվել երկրորդ մեխանիզմից։ Դատարան կդիմեն խորհրդատվական կարծիք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո։
«Որպեսզի որոշումն անցնի, մեզ պետք է 10-ից յոթ ձայն։ Մենք ունենք 10-ից վեց ձայն այս պահին»,- ասել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ բանակցությունների արդյունքներով հայկական կողմը նախնական գնահատմամբ ունի ևս երկու երկրի աջակցությունը։ Նա հրաժարվել է նշել այդ երկրների անունները՝ ընդգծելով, որ քվեարկությունը դեռ չի կայացել։
«Հիմա ես լրացուցիչ գործիք եմ փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը»,- ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ այս պահին հարցը քվեարկության չդնելը պայմանավորված է Հայաստանի շահերով։
Ռուսաստանի սահմանափակումները
Ռուսաստանը 2026-ի մայիսից, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո, փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Սահմանափակումները վերաբերել են, մասնավորապես, հանքային ջրին, ալկոհոլային խմիչքներին, ծաղիկներին, մրգերին, բանջարեղենին, ձկնամթերքին և կաթնամթերքին։ Խնդիրներ են առաջացել նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ հայկական ապրանքների տարանցման հարցում։
Ռուսական կողմը պնդում է, որ սահմանափակումները քաղաքական բնույթ չունեն և պայմանավորված են վերահսկող մարմինների հայտնաբերած խախտումներով։ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ սահմանափակումների հիմքում հայտնաբերված խախտումներն են։
Հոկտեմբերի 21-ին Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիա՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն առևտրային խոչընդոտ՝ «բարիեր» ճանաչելու համար։ Հայաստանը տարբեր սահմանափակումների առնչությամբ դիմումներ էր ներկայացրել դեռևս հունիսին, հուլիսին և օգոստոսին։
Պապոյանի նախկին հայտարարության համաձայն՝ սահմանափակումն առևտրային խոչընդոտ ճանաչվելու դեպքում այն կիրառած պետությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ։
Հոկտեմբերի 2-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական ապրանքների արտահանման և տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվել։
Նոյեմբերի 18-ին Պապոյանը չէր բացառել ԵԱՏՄ դատարան դիմելու հնարավորությունը, եթե հարցը չլուծվեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում։
Դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։












