Հայաստանում ակտիվացել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների անունից Telegram հավելվածով իրականացվող խարդախության փորձերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել։
Ըստ հաղորդագրության՝ քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով նրանք պահանջում են բանկային հաշիվներում առկա գումարները կանխիկացնել, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
Ոստիկանությունը հորդորում է չվստահել նման զանգերին ու հաղորդագրություններին, չփոխանցել գումար կամ կրիպտոակտիվներ, իսկ կասկածելի դեպքերում՝ անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին։










