Հայաստանի երկաթուղիների՝ ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո մնալը կազդի TRIPP նախագծի վրա, սակայն դեռևս պարզ չէ՝ այդ ազդեցությունը դրական կլինի, թե բացասական։ Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը։
Լայթսթոունի խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ տրանսպորտային ուղիներն այնքան էլ շատ չեն, իսկ երկաթուղիների ռուսական կառավարումը ևս մեկ գործոն է, որն անկախ է ամերիկյան կողմից։
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, Ռուսաստանն ունի իր բիզնես շահերը։ Մենք իրականացնում ենք TRIPP-ը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վրա»,- ասել է Լայթսթոունը։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ կան տարբերակներ, որոնց դեպքում ռուսական գործոնը կարող է լրացնել և ավելի հաջողված դարձնել TRIPP նախագիծը, ինչպես նաև տարբերակներ, որոնց դեպքում նախագիծը կարող է գործել ինքնուրույն՝ առանց ռուսական գործոնի ազդեցության ամենօրյա աշխատանքների վրա։
Լայթսթոունն անդրադարձել է նաև TRIPP-ի շրջանակում ակնկալվող ներդրումների ծավալին։
«Երբ մենք ի սկզբանե մտածում էինք այս նախագծի մասին, կարծում էինք, որ ներդրումները կչափվեն հարյուրավոր միլիոններով։ Այսօր ես լիովին վստահ եմ, որ դրանք կչափվեն միլիարդներով, և կարծում եմ՝ կգերազանցեն տասնյակ միլիարդները»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բուն 42,5 կիլոմետրանոց հատվածը կչափվի հարյուրավոր միլիոններով, իսկ խողովակաշարերի և նոր Միջին միջանցքով ապրանքների տեղափոխման հայեցակարգը՝ տասնյակ միլիարդներով։ Երկրների ստանալիք եկամուտը, ըստ Լայթսթոունի, դրանից անհամեմատ ավելի մեծ կլինի։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները 2008-ից գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման ներքո։
Հոկտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպումից հետո, ստեղծվել է հայ-ռուսական աշխատանքային խումբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ արդյոք ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանի երկաթուղու վրա։ Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Երևանում։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նույն օրը Սյունիքի մարզում մեկնարկել են TRIPP-ով նախատեսված երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները։









