Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին

Փաշինյանն ու Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին

Հայաստանում նոյեմբերի 23-ին պաշտոնապես մեկնարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սկսվել են նախագծի շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Մեկնարկի առիթով ուղերձներով հանդես են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը։

Մեղրի համայնքում աշխատանքներ են սկսվել մի քանի հատվածներում։ Հատուկ տեխնիկայով իրականացվում են ճանապարհի հարթեցման և քարերի մաքրման աշխատանքներ։ Նախապատրաստական փուլին հաջորդելու են հիմնական շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկի հստակ ժամկետ չի նշվել։

Փաշինյանն իր ելույթում հիշեցրել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրով նախատեսվել էր TRIPP-ի իրականացումը։

Վարչապետի խոսքով՝ նախագիծը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ հաղորդակցությունների ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգման հիման վրա։

Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումից բացի, TRIPP-ը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի ներպետական կապերը, ընդլայնել արտաքին շուկաների հասանելիությունը և խթանել ներդրումները։

Փաշինյանի գնահատմամբ՝ նախագիծն առանձնահատուկ նշանակություն կունենա Սյունիքի մարզի տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ TRIPP-ը կնպաստի նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ մեծացնելով երկրի միջազգային նշանակությունը և ընդլայնելով Հայաստանի կայունությամբ շահագրգիռ գործընկերների շրջանակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագծի պաշտոնական մեկնարկի առիթով հղած տեսաուղերձում շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նրա աշխատանքի համար։

«Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերությունը տարածաշրջանում նոր առևտրային ուղիներ կստեղծի ապրանքների և էներգակիրների փոխադրման, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի համար։

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ապահովել նախագծի հաջող իրականացումը։ Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցության համար, ինչպես նաև իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու կապակցությամբ։

ԱՄՆ նախագահը նաև Փաշինյանին հրավիրել է 2027 թվականին Սպիտակ տուն՝ Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով նրա նախատեսվող այցի ընթացքում։

«Կցանկանայի նաև վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կարող են քննարկել տարածաշրջանային խաղաղության առաջմղման և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցերը։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև «TRIPP զարգացման ընկերության» մեկնարկին՝ ընդգծելով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության նշանակությունը։

TRIPP նախագիծը նախատեսված է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրած համատեղ հռչակագրով։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։

2026-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել զարգացման ընկերություն, որի բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ Հայաստանին։

Նոյեմբերի 19-ին կառավարությունը հաստատել էր նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ որոշումը, որը ներառում է տարածքի բացազատման և մաքրման աշխատանքները։

Նոյեմբերի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների ուսումնասիրությունների արդյունքները, շինարարության նախապատրաստումը և «TRIPP զարգացման ընկերության» հիմնադրման ընթացքը։

Կողմերը կարևորել են ընկերության բաժնետիրական համաձայնագրի ու կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտը։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց բովանդակությունը կառավարությունը չի մանրամասնել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում