Հայաստանն այսօրվանից սկսում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության հիմնադրմանը։ Այս մասին հոկտեմբերի 22-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով նախօրեին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները։
«Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքները այսօրվանից»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ իրականացված աշխատանքները հետագայում կփոխանցվեն TRIPP Development Company-ին՝ ընկերության հիմնադրումից հետո։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման համար։
Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
TRIPP նախագծի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ են այցելել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այցի նպատակն էր կազմակերպել նախագծման աշխատանքների մեկնարկը և տեղում ծանոթանալ նախատեսվող ենթակառուցվածքների հնարավոր տեղակայմանը։ Այս փուլում դիտարկվում են երկաթուղին, ավտոճանապարհը և էներգետիկ ենթակառուցվածքները։
«Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, ըստ էության, մեզ համար այդտեղ նոր բան չկա։ Ավելի շատ մենք ուզում էինք տեղում վերջնական, մեկ անգամ ևս հասկանանք ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երկաթուղու անցման ուղղությունն ակնհայտ է, և այդ առումով նախագծման աշխատանքները կարող են մեկնարկել։
Ի տարբերություն երկաթուղու՝ ավտոճանապարհի դեպքում դեռևս հարցեր կան։
«Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր դեռևս կան, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ»,- նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանը բացատրել է, որ ճանապարհի վերջնական լուծումը պետք է ապահովի դրա մրցունակությունը տարածաշրջանային տարանցիկ փոխադրումների տեսանկյունից։
«Տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- ընդգծել է նա։
Էլեկտրահաղորդման գծերի մասով, ըստ փոխվարչապետի, իրավիճակը հիմնականում պարզ է, թեև անհրաժեշտ է վերջնականացնել դրանց անցման ուղղությունները և կատարել համապատասխան մոդելավորում։
Գրիգորյանը նշել է, որ երեք ենթակառուցվածքների մասով հնարավոր է սկսել նախագծման աշխատանքները՝ առանց սպասելու TRIPP Development Company-ի (TDC) ձևավորմանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ենթակառուցվածքների ավելի կոնկրետ էսքիզները, որոնք կդրվեն քննարկման, ինչից հետո կմեկնարկի բուն նախագծումը։ Փոխվարչապետը հայտնել է նաև, որ Սյունիքի մարզում աշխատանքները շարունակվում են։
Ամփոփելով ներկայացվածը՝ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախագիծը մտնում է գործնական իրականացման փուլ։
«Մենք, ըստ էության, պետք է արձանագրենք, որ մտնում ենք գործնականացման փուլ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով նախագծի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան պահպանելու համար։
Փաշինյանը պարզաբանել է, որ TRIPP Development Company-ն Հայաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ հիմնադրվելիք համատեղ ընկերությունն է, որի ստեղծման ուղղությամբ աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում։
«Երբ որ ընկերությունը կհիմնադրվի, կատարված աշխատանքը, այդ թվում՝ որպես մեր ներդրում, կփոխանցվի այդ ընկերությանը»,- հայտարարել է վարչապետը։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնել է, որ ընկերության հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթային աշխատանքները նույնպես մոտենում են ավարտին։
Նրա խոսքով՝ կողմերը մտել են ընկերության հիմնադրման փաստաթղթային գործընթացի եզրափակիչ փուլ, և շատ մոտ ապագայում ակնկալվում է բոլոր փաստաթղթերի վերջնականացում, որից հետո հնարավոր կլինի անցնել գործնական փուլին։
Միրզոյանն անդրադարձել է նաև TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացմանը՝ հայտնելով, որ հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել բովանդակային քննարկում։
Նախարարի խոսքով՝ համաձայնագրի առաջին ընթերցումը Ազգային ժողովի լիագումար նիստում նախատեսվում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։
***
TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային և այլ հաղորդակցությունների զարգացում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի ապահովում։ Դրա սկզբունքներն ամրագրվել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026-ի հունիսին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել զարգացման համատեղ ընկերություն, որի բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ Հայաստանին։ Նախնական 49-ամյա ժամկետից հետո համագործակցության երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է ավելացնել մինչև 49 տոկոս։










