Սյունիքի մարզում նոյեմբերի 23-ին մեկնարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով նախատեսված երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է կառավարությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներով։
Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել TRIPP-ի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ՝ անդրադառնալով նաև Սյունիքում մեկնարկած աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում դրական են գնահատվել երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Կողմերն ընդգծել են դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման համար։
Քննարկվել են նաև «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտը։
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն չեն մանրամասնել դրանց բովանդակությունը։
Նոյեմբերի 19-ին ամերիկյան AECOM ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել էր TRIPP-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Դրանք վերաբերում էին երկաթուղային ենթակառուցվածքին, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիներին։
Դեռ հոկտեմբերի 22-ին Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ կառավարությունը սկսում է TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան զարգացման ընկերության ստեղծմանը։ Դրանից մեկ օր առաջ նրա գլխավորած աշխատանքային խումբն այցելել էր Սյունիք՝ տեղում ուսումնասիրելու երկաթուղու, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծման հարցերը։
TRIPP-ի իրականացումը նախատեսված է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրով։ Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74 տոկոսը նախատեսված է ամերիկյան, իսկ 26 տոկոսը՝ հայկական կողմի համար։









