Թեհրանը TRIPP-ին չի հակադրվի, եթե պահպանվի երկու պայման. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասել է, որ Թեհրանը չի հակադրվի TRIPP հաղորդակցական նախագծին, եթե այն չվտանգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը և անվտանգային սպառնալիք չստեղծի Իրանի համար ԱՄՆ-ի կամ ամերիկյան ընկերությունների ներգրավվածության պատճառով։
Դեսպանի ելույթի տեսանյութը հրապարակել է News.am-ը։ Տեսանյութում չի նշվում, թե ինչ հանդիպման կամ քննարկման շրջանակում է նա ելույթ ունեցել։ Դեսպանի հետ նույն շարքում նստած են Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
TRIPP-ի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Շիրղոլամին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի շուրջ Իրանի նախկին դիրքորոշմանը։
«Իրանը կանգնեց Զանգեզուրի հարցի դեմ։ Մենք նույնիսկ ասել էինք, որ եթե հարևան երկրներից մեկը ցանկանա որոշակի սահմաններից այն կողմ գնալ, պատրաստ ենք ավելի լուրջ միջամտության»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ այդ ծրագիրը «առնվազն արտաքուստ» մի կողմ է դրվել և այլևս չի բարձրացվում։ Նա նշել է, որ քննարկվող TRIPP նախագիծը լիովին չի արտացոլում այն նպատակները, որոնք հետապնդել են Ադրբեջանն ու Թուրքիան։
«Առնվազն այդ պահին քննարկվող նախագիծը լիարժեք չի արտացոլում այն նպատակները, որ հետապնդում էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Չի կատարվել հենց այն, ինչ նրանք ցանկանում էին»,- ասել է Շիրղոլամին։
Նա նշել է, որ Թեհրանի համար ընդունելի է, որ Հայաստանը կարողանա իր հնարավորություններն օգտագործել որպես հաղորդակցական և կապերի հանգույց։
«Հայ պաշտոնյաների հետ մեր զրույցներում և այս փաստաթղթի տեքստում շեշտադրված է Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը»,- ասել է դեսպանը։
Շիրղոլամին հավելել է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցին հատուկ զգայունությամբ է մոտենում, իսկ Սյունիքը դիտարկում է Հայաստանի և Իրան-Հայաստան կապի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։
Նրա խոսքով՝ TRIPP-ը կամ ցանկացած այլ նախագիծ դիվանագիտական տեսանկյունից խնդիր չի ներկայացնի, քանի դեռ այն օբյեկտիվորեն սպառնալիք չի ենթադրում հայ-իրանական հարաբերությունների և Իրանի համար։
«Երկու հարց է կարևոր։ Առաջինը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, թե՛ այժմ, թե՛ ապագայում, այս նախագծով՝ ինչ անուն էլ այն կրի, որևէ կերպ չպետք է վտանգված լինեն»,- ասել է Շիրղոլամին։
«Երկրորդը՝ ԱՄՆ-ի կամ ամերիկյան ընկերությունների ներկայությունը Իրան-Հայաստան սահմանային գոտում որևէ ձևով չպետք է սպառնալիք ստեղծի Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- շարունակել է նա։
Դեսպանի խոսքով՝ եթե այդ պայմանները պահպանվեն այժմ և ապագայում, իսկ հաղորդակցական նախագիծը օգուտ բերի Հայաստանի ժողովրդին, «Իրանի Իսլամական Հանրապետությունը հակադրվելու պատճառ չի տեսնի»։
«Պետք է սպասենք և տեսնենք, թե այս երկու կարևոր նկատառումները կպահպանվեն երկարաժամկետ հեռանկարում, թե ոչ»,- եզրափակել է նա։











