TRIPP նախագծի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ են այցելել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։
Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Նախօրեին՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում շինարարական աշխատանքների մեկնարկի առավել իրատեսական ժամկետը 2027-ի սկիզբն է։
2026-ի հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են նախագծի իրականացման շրջանակը, իսկ մայիսին՝ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Փաստաթղթերով նախատեսվում է ստեղծել «TRIPP Development Company» հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս, իսկ Հայաստանը՝ 26 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել Հայաստանում և նրան տրամադրել ենթակառուցվածքների զարգացման ու շահագործման իրավունքներ՝ սկզբնական 49 տարի ժամկետով։
Նախագիծը կարող է ներառել երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ։
Հայ-ամերիկյան համաձայնագրով ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը նախագծի իրականացման համար օգտագործվող իր տարածքների նկատմամբ, այդ թվում՝ սահմանային և մաքսային վերահսկողության լիազորությունները։










