Տեղի ունեցածն ինքնին պրոբլեմ է, պրոբլեմ է ոչ թե զինվորի մոլորվելն ու անցնելը, այլ պրոբլեմ է այն, որ ինքը կրակել է՝ քաղաքացուն վնասել է, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամեն ինչը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Ադրբեջանցի զինվորին արտահանձնելու թեմա չկա, մենք չենք քննարկում։ Ադրբեջանից արտահանձնման պահանջ չկա»,- ասել է վարչապետը։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տներից մեկը և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա երկու ամսով կալանավորվել է։
Փաշինյանի գնահատմամբ՝ Շաքիում տեղի ունեցածն անդրսահմանային հանցագործություն է, սովորական կրիմինալ, և պետք չէ ապոկալիպսիս սարքել։
«Որևէ մեկը չի պատրաստվում թերգնահատել Շաքիում տեղի ունեցածը, պետք չէ ադեկվատությունը կորցնել։ Սա սովորական կրիմինալ հանցագործություն է, անդրսահմանային հանցագործություն է։ Մենք անդրսահմանային հանցագործության ուրիշ դեպքեր էլ ունենք․ թմրանյութեր են անընդհատ Հայաստան արտահանվում, Հայաստանով տարանցվում։ Այդ ամենից ապոկալիպսիս սարքել պետք չէ»,- ասել է վարչապետը։
Վարչապետի կարծիքով, սա այն հարցը չէ, որ պետք է ինչ-որ ձևով վտանգի խաղաղության գործընթացը։
Փաշինյանի համոզմամբ, եթե այն գնահատականները, որ դեպքի վերաբերյալ տալիս է ընդդիմությունը, տար իշխանությունը, հիմա արդեն խաղաղությունը չէր լինի։
«Մենք ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանն էլ է ասում՝ խաղաղությունը հաստատված է։ Ընդ որում, Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են, Հայաստանից էլ են հնչում հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են։ Տարբերությունն այն է, որ Հայաստանում նման հայտարարություն հիմնականում անում է ընդդիմությունը, Ադրբեջանում՝ այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից են արվում հայտարարություններ։ Բայց, եթե նման հայտարարություններ են արվում, ուրեմն Հայաստանի իշխանությունն էլ պետք է նման հայտարարություններ անի՞։ Խաղաղությանը վնասող հայտարարություններ անելով մեկ ամսվա ընթացքում խաղաղությունը կզրոյացնենք։ Մեր մարտավարությունը դա չէ»,- ասել է վարչապետը։











