Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից։
Մուսաևը մեղադրվում է Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։
Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին։ Ըստ Գլխավոր դատախազության՝ ադրբեջանցի զինծառայողը ժամը 14։00-ի սահմաններում ապօրինի մուտք էր գործել Շաքիի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Հրազենային վիրավորում էր ստացել 1987-ին ծնված մի կին, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել էին մարմնական վնասվածքներ։ Երեխաներից մեկի մոտ արձանագրվել էր դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
Դեպքից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, սակայն նույն օրը հայտնաբերվել էր գյուղի մեկ այլ տանը և ձերբակալվել։ Հոկտեմբերի 2-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը տեղեկացրել էր իր զինծառայողներից մեկի՝ անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով, որ նա կարող էր հատած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել էին որոնողական աշխատանքներ։
Նոյեմբերի 3-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել էր, որ Մուսաևը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի հանգամանքները։ Պողոսյանի խոսքով՝ քննությամբ ձեռք բերված տվյալների գնահատմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել։ Նա հրաժարվել էր հրապարակել ցուցմունքների մանրամասները՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։
Շաքիի միջադեպը քննարկվել էր նաև Ազգային ժողովում։ Նոյեմբերի 5-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փակ քննարկում էր անցկացրել պաշտպանության և ներքին գործերի նախարարների, ԱԱԾ տնօրենի և Քննչական կոմիտեի նախագահի մասնակցությամբ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ միջադեպի հետ կապված թերացումներ են եղել, որոնք ունեցել են և կունենան հետևանքներ։ Նա նշել էր, որ ամբողջական գնահատական հնարավոր կլինի տալ ծառայողական քննությունից հետո։












