Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքը նոյեմբերի 5-ին փակ ձևաչափով քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովից հայտնում են, որ քննարկմանը հրավիրված էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Հանձնաժողովի էջում հրապարակված լուսանկարներում ընդդիմադիր պատգամավորներից երևում է միայն «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Շաքիի միջադեպը պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել հենց ընդդիմադիր պատգամավորները։
Հոկտեմբերի 12-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դավթյանի, Անուշ Միրզոյանի ու Վաղինակ Վարդանովի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ։
Ընդդիմադիրները պահանջում էին պաշտպանության և ներքին գործերի նախարարներից, ինչպես նաև ԱԱԾ տնօրենից գրավոր պարզաբանումներ ստանալ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, ինչու ժամանակին չի հայտնաբերվել, որ իրավական կարգավորումներն են խախտվել և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ նման դեպքերը կանխելու համար։
Առաջարկվում էր նաև գրավոր պատասխանները ստանալուց հետո հանձնաժողովում քննարկում կազմակերպել պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առարկել էին նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, և պաշտոնյաները չեն կարող ամբողջական գնահատականներ ներկայացնել։
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, սակայն, առաջարկել էր հանդիպումը կազմակերպել առանց առանձին որոշման ընդունման։ Քննարկման արդյունքում ընդդիմադիրները հետ էին կանչել իրենց նախագիծը, և այն քվեարկության չէր դրվել։
Նոյեմբերի 5-ի փակ քննարկումը տեղի է ունեցել այդ պայմանավորվածությունից ավելի քան երեք շաբաթ անց։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Մուսաևը Սյունիքի մարզի Շաքի գյուղում ապօրինի մուտք էր գործել բնակելի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով բնակչուհի Անի Ավետիսյանին։ Մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ դեռ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայկական կողմին տեղեկացրել էր, որ իր զինծառայողներից մեկն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ հատել է Հայաստանի սահմանը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել էին որոնողական աշխատանքներ։
Մուսաևը հայտնաբերվել և ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։ Հաջորդ օրը դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։
Հոկտեմբերի 7-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել էր, որ միջադեպի հետ կապված թերացումներ են եղել։
«Թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ։ Բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,- հայտարարել էր Պապիկյանը։
Նոյեմբերի 3-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն էլ հայտնել էր, որ Մուսաևը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի հանգամանքները։ Պողոսյանի գնահատմամբ՝ ձեռք բերված տվյալները չեն վկայում սպանելու դիտավորության մասին։ Նա նաև նշել էր, որ նախաքննությունն ավարտին է մոտենում։












