Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին:
39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասել է՝ հասել է տուն ու տեսել է զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, հենց այդ ժամանակ ինքը ձեռքով պահել է ինքնաձիը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են:
Այս ամենից հետո ձեռքից վիրավոր Անին սկսել է դանակով հարվածներ է հասցրել ադրբեջանցի զինվորին: Ասում է՝ եթե ինքը կռվի չբռնվեր զինվորի հետ, հնարավոր է և՛ ինքը, և՛ երեխաները սպանված լինեին: Երրորդ կրակոցն արդեն դիպել է կնոջ ոտքին:
Ավետիսյանն ասել է՝ չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել:
Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում:
«Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասել է կինը, որին ևս երեք վիրահատություն է սպասվում:
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում












