«Մեր դիմացը Մթնաձորն է, Ներքին Հանդի տարածքը, «Շիկահող» պետական արգելոցի մի մասը։ Հիմա մենք նայում ենք ու տեսնում, թե ինչ է կատարվել «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։ Կատարվել են ծառահատումներ, բացվել են ճանապարհներ, կառուցվել են բլինդաժներ, և մեր հայկական հողում ադրբեջանցիներ են»,- ասում է «Շիկահող» արգելոցի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանը՝ Ներքին Հանդի անտառներում բացված խրամատները ցույց տալով։
2021-ին և հատկապես 2022-ին Ադրբեջանի զինված ուժերը Կապան-Մեղրի հատվածում բռնազավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 21 քառակուսի կիլոմետր, որից բուն «Շիկահող» պետական արգելոցի տարածքից ուղիղ օկուպացիայի տակ է հայտնվել ավելի քան 3,000 հեկտար՝ կազմելով արգելոցի ընդհանուր տարածքի մոտ 1/6 մասը։

Բացի այդ, Շիկահողի մոտ 7-8,000 հեկտար հայտնվել է հակառակորդի ուղիղ դիտարկման ու կրակային տիրույթում՝ ձևավորելով «գորշ գոտի»։
Անտառահատումները և ռազմական ճանապարհները
Օկուպացիայից հետո արգելոցի տարածքում մարտական հենակետեր, ամրաշինական կառույցներ և ռազմական գրունտային ճանապարհներ բացելու նպատակով ադրբեջանցիները հատել են 14,000 – 17,000 խորանարդ մետր փայտանյութ։
Այս հաշվարկները կատարել է անտառագետ Այսեր Ղազարյանը՝ համակարգչային քարտեզագրման և տարբեր տարիների արբանյակային լուսանկարների վերլուծության միջոցով։
«Փորձեցի ավտոմատ և կիսաավտոմատ վերծանումով, համապատասխան համակարգչային ծրագրերով սեգմենտացիա անել տվյալ տարածքները։ Հիմնականում իրականացրել են գրունտային ճանապարհներ բացելով՝ հասանելիություն ապահովելով իրենց դիրքերին ու ամրաշինական կառույցներին, որտեղ ևս բավականին լուրջ հատումներ են արվել։ Հողային կոպիտ աշխատանքներ արվել են մոտ 100 հեկտարի վրա՝ Շիկահողի այդ հատվածում և Ներքին Հանդի մերձակա հատվածում, որից անտառածածկը 60 հեկտարն է»,- ասում է անտառագետը։
COP17-ը և իշխանությունների լռությունը․ թիթեռնիկ նկարելու մասին
Հայաստանի իշխանությունները խուսափում են իրերն իրենց անունով կոչելուց։ Պաշտոնյաները կա՛մ տեղյակ չեն Շիկահողի խնդրից, կա՛մ նախընտրում են լռել։ Նրանք հարցը չբարձրացրին ոչ Երևանում անցկացված ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովի՝ COP17-ի ժամանակ, ոչ էլ դրանից առաջ։
«Այն տեղեկությունը ծառերի հատման մասին․ ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել։ Եվ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որևէ ձև չարձագանքել»,- 2026-ի հունվարին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գագաթնաժողովի ընթացքում ՍիվիլՆեթի տաղավարում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ասաց, թե լրագրողները խառնում են լիազորությունները և COP17 հարթակի իմաստը։
«Սա երկկողմ քննարկումների համար չէ։ Մենք, այո, ունենք շատ հարցեր և քննարկում ենք։ Եթե ինձ հարցնում եք որպես ՀՀ պաշտոնյայի, ինձ համար՝ որպես պաշտոնյայի և որպես ՀՀ քաղաքացու, բոլոր օրակարգերից զատ կա ամենակարևոր օրակարգը»,- ասաց նախարարը։
Սակայն մեր զրուցակիցները հակառակն են պնդում․ ՄԱԿ-ի շրջանակում տեղի ունեցած COP17 բնապահպանական գագաթնաժողովը, որը Հայաստանին արժեցել է մոտ 23 միլիոն դոլար, լավ առիթ էր բարձրացնելու բնապահպանական խնդիրները, առաջին հերթին՝ Շիկահողի վիճակը։
«Դա բոլորը կարող են հաստատել՝ տեղի բնակիչները, զինվորները, բայց պաշտոնապես Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատացնելու համար փորձում են խուսափել ձևակերպումներից, մեղադրանքներից, պահանջներից։ Երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը չի կարողանում այդ հարցը լուծել, գոնե այդ մակարդակում բարձրացվի։ Չեմ ասում, որ դա ինչ-որ լուծում կլինի, բայց ինչ-որ ճնշում կլինի»,- ասում է լրագրող Դավիթ Գալստյանը։
Սոցիոլոգ Շուշանիկ Հարությունյանը նշում է, որ ներկայում շատ է խոսվում մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի բացակայության մասին․ «Եվ ավելի շատ կարևորում են քաղաքական, տնտեսական շահերը։ Բայց կա նաև քննադատություն COP17-ի և այս տեսակ միջոցառումների վերաբերյալ։ Սակայն կարծում եմ, որ շատ ավելի կարևոր կլինի, որ այս հարթակն օգտագործվի իրական հարցերի մասին խոսելու, այլ ոչ թե թիթեռնիկ նկարելու համար»,- ասում է Շուշանիկը։
Ըստ անտառագետ Այսեր Ղազարյանի՝ COP17-ը հարմար հարթակ էր էկոհամակարգերի պահպանման մասին բարձրաձայնելու համար։ «Յուրահատուկ կուսական անտառներ են, և մյուս կենդանատեսակները, որ կարմիրգրքային են, փորձեինք այդ մասով ներգրավել միջազգային համապատասխան պլատֆորմը և պատասխանատուներին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, փորձեինք որոշակի հարցեր լուծել այդտեղ, բայց արի ու տես՝ վախեցան»,- ասում է Ղազարյանը։
Շիկահողի ծառատեսակները
«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958-ին՝ Ծավ և Շիկահող գետերի ավազանների էկոհամակարգերն ու հարավային Հայաստանի հազվագյուտ բույսերն ու կենդանիները պահպանելու նպատակով։ Հետագայում՝ Կառավարության 2002-ի որոշմամբ, արգելոցը վերակազմակերպվեց որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ իր մեջ ներառելով նաև «Սոսու պուրակ» արգելավայրը։
Խորհրդային տարիներին արգելոցի պետի տեղակալ, իսկ 2002-2015 թվականներին «Շիկահողի» տնօրեն աշխատած Ռուբեն Մկրտչյանի խոսքով՝ արգելոցի անտառները խառը տեսակի են, որտեղ գերիշխում են կաղնին ու բոխին։ Ըստ գոտիների՝ այստեղ աճում են արաքսյան, արևելյան, վրացական, իսկ ավելի բարձր հատվածներում՝ խոշորառեջ կաղնիներ։ Դրանց կողքին տարածված են նաև հացենին, կարմիր թխկենին և վայրի մրգատու ծառերը։
«Շիկահողի արգելոցը վերականգնելու համար մեզ երկար տարիներ են անհրաժեշտ, որ ունենանք նման արգելոց, որ ունենանք նման կուսական Մթնաձոր։ Որովհետև այդ տարածքներում մենք մարդկային ներկայությունը խստիվ արգելել էինք։ Առաջին պատերազմից հետո կատարել էինք ականազերծումներ, պայթուցիկ սարքերը լրիվ հեռացրել էինք։ Եվ ունեինք կուսական անտառ, մենք տեսնում էինք կենդանական աշխարհի շարժ, Կարմիր գրքի կենդանիներին»,- ասում է Մկրտչյանը։
Պետական գերատեսչությունների լռությունը և կյանքը սահմանազատումից հետո
ՍիվիլՆեթը ԱԱԾ-ին հարցրել է, թե արդյո՞ք գերատեսչությունը արձանագրել է Հայաստանի Հանրապետության տարածքից շուրջ 14 000-17 000 խորանարդ մետր փայտանյութի ապօրինի դուրսբերման փաստերը։ Ի պատասխան մեր հարցման՝ ԱԱԾ-ն նշեց, որ ինչպես նշված հատվածում, այնպես էլ չսահմանազատված մյուս հատվածներում այդ խնդիրների լուծումը տրվելու է սահմանազատման գործընթացով։ Իսկ մյուս հարցերի վերաբերյալ ԱԱԾ-ն նշեց, որ դրանք դասվում են պետական գաղտնիքի շարքին։
Լրագրող-հետազոտող Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարություն պարբերաբար հարցումներ է ուղարկել ադրբեջանական առաջխաղացումների և ծառահատումների վերաբերյալ։ Ըստ լրագրողի՝ Պաշտպանության նախարարությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից։
«Փորձում են կամ չմեկնաբանել, կամ շատ հեշտ է՝ ասում են՝ սահմանային հատված է, և դիրքային շարժերի մասին տեղեկությունը պետական գաղտնիք է ու չեն կարող տրամադրել։ Շատ դժվար է ստանալ պաշտոնական տեղեկատվություն։ Ինչպես, օրինակ, 21 թվականին փորձում էին խուսափել դիրքերի առաջխաղացման մասին խոսելուց, սակայն արբանյակային լուսանկարները փաստում էին»,- ասում է լրագրողը։
Այսեր Ղազարյանը նշում է, որ Շիկահողի սահմանը 99 տոկոսով համընկնում է ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1970-ականների քարտեզների հետ, որոնք դիտարկվում են որպես սահմանազատման հիմք։ Իշխանություններն ակնկալում են, որ սահմանազատումից հետո ադրբեջանցիները հետ կգնան, իսկ անտառների վնասը հնարավոր կլինի հաշվել միայն դրանից հետո։
Սակայն արգելոցի նախկին տնօրենի խոսքով՝ 1989-ին վրացի մասնագետների հետ կազմված տաքսացիոն գրքերում անտառի ողջ ֆոնդն ու ծառատեսակները մանրամասն արձանագրված են։
«Տաքսացիոն գրքերում նշված են կվարտալները (անտառային տարածքի բաժանման միավորն է - Հ․Ղ․), «վիդելները» (выдел), քառակուսիները՝ որտեղ կան ծառատեսակներ։ 10 տարին մեկ կատարում ես հաշվարկ։ Եվ այդ ճանապարհները հանում ենք քարտեզով, թե ինչքան տարածք կա կտրված, և դրա հիման վրա կատարում ենք հաշվարկ։ Այսինքն՝ եթե 10 տարին մեկ կատարվում է քարտեզագրում, գրքերը կան 1989 թվականի։ 1989-ից գումարում ենք մինչև 2026 թվականը և միջին հաշվարկով տալիս ծառերի հաստությունը։ «Վիդելները» մեկ առ մեկ նշված է, թե ինչ ծառատեսակներ կան»,- ասում է Ռուբեն Մկրտչյանը։
Այսեր Ղազարյանը հավելում է, որ արհեստական բանականության և օպտիկական հենքերի միջոցով հնարավոր է հաշվել անտառի տվյալ շերտի բարձրությունը հողից։«Պատկերացրիք, չէ՞․ անտառի կողքից նայում ենք։ Եվ տվյալ մեթոդով, անտառագնահատմամբ հաշվարկում ենք ծառերի ծավալը և ստանում տվյալ թիվը, ինչը բավականին լուրջ թիվ է»,- ասում է Ղազարյանը։
Կաղնիները որպես շինափայտ՝ կոնյակի տակառների և կահույքի համար
Ադրբեջանցիները Շիկահողի ծառերը ոչ միայն որպես վառելափայտ են օգտագործում, այլև որպես շինափայտ․ խոսքը հասուն և գերհասուն կաղնիների մասին է։ Հատված բարձրորակ փայտանյութը, որն ունի առևտրային լուրջ արժեք, դուրս է բերվում տարածքից։
«Դե, ես արդեն նշեցի, որ քանի որ ինքը բարձրաբուն, այսպես ասած, մասնագիտորեն անտառ է եղել, այսինքն՝ այն հատվածներում, որտեղ կտրել են, բավականին խոշոր, մեծ տրամագծերով, բարձր ծառերի գերաններ են առաջացել, որոնցից բավականին լուրջ ծավալով բարձրաժեք շինափայտ կարող է դուրս գալ։ Վառելափայտն, ըստ էության, օգտագործել են այդ հենակետերի և անձնակազմի ձմեռային տաքացման խնդիրները լուծելու նպատակով, բայց շինափայտն, ըստ էության, գնացել է ստվերային բիզնեսային նպատակներով»,- ասում է Այսեր Ղազարյանը։
Ռուբեն Մկրտչյանն ավելացնում է, որ հաստաբուն կաղնիները հիմանականում օգտագործում են կոնյակագործության համար։«Սովորական կաղնիները՝ վրացական, արևելյան, օգտագործում են պարկետի համար։ Արևելյանը մի ժամանակ Կարմիր գրքում էր։ Ես խոշորառեջ ծառեր եմ հանդիպել, տրամագիծը՝ 1,50 մետր։ Դրանք հիմնականում լինում են ծովի մակարդակից 1500-2000 մետր բարձրության վրա, վերևի մասերում»,- ասում է Մկրտչյանը։
Անտառագետ Այսեր Ղազարյանը նշում է, որ արբանյակային լուսանկարներում որևէ տեղ չի երևում, որ դրանք կուտակված լինեն տեղում:«Լուցկու տուփ չի, որ տեղադրվի և չերևա․ եթե մոտակայքում տեղադրված լիներ, հաստատ մենք կտեսնեինք»,- ասում է նա։
Այսեր Ղազարյանի պարզաբանմամբ՝ «Շիկահող» պետական արգելոցի՝ Ներքին Հանդին հարող հատվածում (շուրջ 370–380 հեկտար տարածքով ելունդ) տարիներ առաջ տեղի է ունեցել քարտեզագրական ու իրավական սկանդալային պատմություն։ Անտառագետի կարծիքով, հիմնական նպատակը կոնյակի տակառագործության համար բարձրորակ կաղնիների հատումն էր։ «Քանի որ Հայաստանի օրենսդրությունն արգելում էր կաղնիների հատումը, իսկ Արցախի համապատասխան իրավական ակտերով դա թույլատրելի էր, բնապահպանների ու օրենքի վերահսկողությունից խույս տալու համար որոշվել էր այդ տարածքը դուրս բերել ՀՀ պետական քարտեզներից և «փոխանցել» Արցախին»,- ասում է Ղազարյանը։
Ըստ անտառագետի՝ այդ հատվածն այդպես էլ չէր մտցվել Արցախի հողային բալանսի մեջ, իսկ 2020-ի պատերազմից հետո քարտեզներով «հետ էր վերադարձվել», սակայն պաշտոնական տարբեր ինտերակտիվ հարթակներում ու քարտեզներում շարունակում էր դուրս մնալ ՀՀ պետական սահմանից։
Ազդեցությունը սահմանամերձ համայնքների վրա
Սոցիոլոգ Շուշանիկ Հարությունյանը նշում է, որ խաղաղությունը ոչ միայն կրակոցների բացակայությունն է։ «Հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում, երբ բնակավայրերին շատ մոտ կան ռազմական ենթակառուցվածքներ։ Դա նաև քողարկված բռնության մի ձև է, երբ մարդիկ դրանք ամեն օր տեսնում են իրենց աչքի առջև»,- ասում է Շուշանիկ Հարությունյանը։
ՍիվիլՆեթը այցելել է նաև Շիկահող գյուղ։ Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանն ասում է, որ նախկինում գյուղատնտեսությամբ շատ էին զբաղվում, սակայն ներկայիս վիճակով պայմանավորված՝ այն 70-80 տոկոսով կրճատվել է։«Քանի որ սահմանն ավելի մոտիկ է, դեպքեր են եղել, որ կենդանիներ են պայթել՝ տասնյակներով։ Ներկայումս խնդիր է գյուղատնտեսությունը․ առաջվա ծավալով չեն զբաղվում»,- ասում է Նավասարդյանը։
Շիկահողի բնակիչ Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ արոտավայրերը լրիվ հակառակորդի վերահսկողության տակ են։ «Առաջնագիծը մեր գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Գնացել էի կովերի հետևից, մեկ էլ ռազմական ոստիկանությունն է եկել, թե՝ ինչ իրավունքով եք եկել, շատ սխալ եք արել։ Ասում եմ՝ թուրքը մի կողմից, դուք էլ մի կողմից, այդպես ո՞նց կլինի»,- ասում է Մարգարյանը։
Տեղի բնակիչ, կենսաբան Հարութ Աղաթելյանը «Շիկահող» պետական արգելոցում հայտնաբերել և արձանագրել է թավշաոտ բու (լատ․ Aegolius funereus)։ «Այդ տարածք էլ չենք կարող մտնել․ ամբողջովին ականապատված է»,- ասում է շիկահողցի մասնագետը։
Շիկահողցի Արթուր Մարտիրոսյանին, երբ հարցնում ենք, թե հնարավո՞ր է ամեն ինչ կարգավորվի սահմանազատումից հետո, պատասխանում է․ «Ի՞նչ սահմանազատում։ Ձեզ Երևանում խաբում եք, մեզ է՞լ եք խաբում։ Իրենք որտե՞ղ են տվել, որ մենք տվել ենք։ Կիրանցը «տվեցին», մեզ բա՞ն են տվել»։












