Հայաստանի Տավուշի մարզում հոկտեմբերի 19-ին հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին ՀՀ տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում, Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Յաշար Ալի Օղլու Քասիմովը։
Ներկայում համապատասխան գործողություններ են ձեռնարկվում նրան վերադարձնելու նպատակով։
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք է անցել ադրբեջանցի հովիվ։
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլորված անձանց վերադարձնելու պայմանավորվածություն կա։
«Մոլորյալներին մոլորյալներով ենք փոխարինում՝ բարի կամքի և կառուցողական մթնոլորտում»,– ասել էր Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան անցած ադրբեջանցիներին հնարավոր է փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերվել էր Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Նա մտել էր բնակելի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով տան բնակչուհուն։ Մարմնական վնասվածքներ էին ստացել նաև կնոջ երկու անչափահաս երեխաները։
Մուսաևը ձերբակալվել էր, իսկ հոկտեմբերի 2-ին դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել։
Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը պնդում են, թե ադրբեջանցի զինծառայողը դիվերսիայի նպատակով չի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, միևնույն ժամանակ նշում են, որ դեպքի վերաբերյալ քննություն է ընթանում։
Փաշինյանի գնահատմամբ՝ Շաքիում տեղի ունեցածն անդրսահմանային հանցագործություն է, սովորական կրիմինալ, և պետք չէ ապոկալիպսիս սարքել։












