Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նոր նախաձեռնված վարույթը միացվել է դեպքի առթիվ քննվող մայր վարույթին։
Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։
Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։
Դեպքից հետո ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15:30-ին, հայտնաբերվել է նույն փողոցի մեկ այլ տանը և ձերբակալվել։ Վիրավորված կինը Սիսիանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։











