Գլխավոր Լրահոս

Ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ ՌԴ-ն պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու վրա․ վարչապետ

Ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ ՌԴ-ն պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու վրա․ վարչապետ

Ռուսաստանի հետ ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ արդյոք ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանի երկաթուղու վրա։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման պայմաններում հայկական երկաթուղին ունի խոշոր ներդրումների կարիք, և կառավարության առաջնային խնդիրն ենթակառուցվածքի պատշաճ որակական մակարդակն ու մրցունակությունն ապահովելն է։

«Ռուսաստանի մեր գործընկերներն այն ժամանակ ասել են, որ տնտեսապես նպատակահարմար չէ այդ ներդրումներն անելը։ Ասել ենք՝ շատ լավ, ուրեմն ուրիշներին հրավիրենք, որ նրանք ներդրումներ անեն։ Իրենք ասել են, որ իրենց համար այդ տարբերակն այնքան էլ ընդունելի չէ։ Մենք էլ ասել ենք՝ չի լինի «ոչ այն, ոչ այն»։ Հիմա, երբ տարածաշրջանը բացվում է, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկաթուղին այս վիճակում մնա»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արևմտյան ընկերություններ կան, որոնք հետաքրքրվածություն են հայտնել ներդրումներ անելու, սակայն որպես խոչընդոտ են նշում ռուսական կողմի կառավարման գործոնը։

«Պետք է ներդրումներ անել, խոսքը մեծ ներդրումների մասին է։ Ո՞վ է այդ ներդրումն անում։ Այդ ներդրումը շատ կարևոր է, որպեսզի մեր երկաթուղին մրցունակ լինի։ Չնայած, եթե շատ անկեղծ ասեմ, կարծում եմ՝ մրցակցության հարց չկա էլ, որովհետև բեռնվածությունն այնքան մեծ է լինելու թե՛ հյուսիս-հարավ, թե՛ արևելք-արևմուտք ուղղություններով... բայց փող պետք է դրվի։ Ո՞վ է դնում այդ փողը։ Հիմա արևմտյան ընկերություններ կան և հետաքրքրվածություն կա, ասում են՝ մենք պատրաստ ենք ներդրում անել, բայց ռուսական երկաթուղու գործոնը մեզ համար խնդիր է, մենք չենք կարող մտնել այնտեղ»,- ասել է վարչապետը։

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը նպատակադրված չէ Ռուսաստանից պարտադիր վերցնել կոնցեսիան, այլ ձգտում է լուծել ենթակառուցվածքի արդիականացման հարցը։

«Մենք սևեռված չենք Ռուսաստանից կոնցեսիան վերցնելու վրա, մենք այդ հարցն ընդհանրապես չէինք էլ բարձրացնի, եթե նման իրավիճակ չլիներ։ Իմ խնդիրն այն է, որ հարցը պետք է լուծենք, իսկ հարցը հետևյալն է՝ մեր երկաթուղին պետք է ունենա պատշաճ որակական մակարդակ»,- ասել է վարչապետը։

Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը քննարկել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Նա նշել էր, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։

2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։

2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։

Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում