Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հոկտեմբերին դանդաղել է՝ արդյունաբերական արտադրանքի և արտահանման զգալի անկման պայմաններում։ Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են մնալ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժերը։
Վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերի 25-ին հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 3,5%-ով՝ սեպտեմբերին արձանագրված 4,7% աճի դիմաց։ Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 4,7%-ով։
Հոկտեմբերին տարեկան կտրվածքով ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 24,2%։ Ծառայությունների ծավալն աճել է 8,5%-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ ընդամենը 0,1%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 12,9%-ով։
Զգալի անկում է արձանագրվել նաև արտաքին առևտրում։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հոկտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 12,3%-ով՝ կազմելով 1,71 մլրդ դոլար։ Արտահանումը կրճատվել է 25,4%-ով՝ կազմելով 560,9 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 4,1%-ով՝ հասնելով 1,15 մլրդ դոլարի։
2026 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,4%։ Շինարարության ծավալն ավելացել է 24,8%-ով, ծառայություններինը՝ 11,5%-ով, արդյունաբերական արտադրանքինը՝ 3,1%-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 0,5%-ով։
Տարվա առաջին տասը ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1,2%-ով՝ կազմելով 16,7 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումը նվազել է 10%-ով, իսկ ներմուծումն աճել է 8,2%-ով։
Հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 4,3%՝ պահպանվելով սեպտեմբերի մակարդակում։ Նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 0,3%-ով, իսկ հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4,5%-ով։
Արտահանման և արդյունաբերության կրճատման ներկա պայմաններում 2026-2031 թվականների ծրագրով Հայաստանի կառավարությունը նախատեսում է ապահովել տարեկան միջինը 6% տնտեսական աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով ավելացնել 50%-ով՝ 2025 թվականի 3,3 տրլն դրամից հասցնելով 5 տրլն դրամի, իսկ հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալն առնվազն կրկնապատկել։ Նոյեմբերի 19-ին կառավարությունը հաստատել է այդ նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։










