Գլխավոր Լրահոս

Ընդդիմադիրների նախաձեռնած հանձնաժողովի արտահերթ նիստը չի կայացել․ Ղազարյանը դիմելու է գլխավոր դատախազին

Ընդդիմադիրների նախաձեռնած հանձնաժողովի արտահերթ նիստը չի կայացել․ Ղազարյանը դիմելու է գլխավոր դատախազին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեք ընդդիմադիր անդամների նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել իշխանական պատգամավորների բացակայության պատճառով։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հայտնելով, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին։

Արտահերթ նիստը նախաձեռնել էին հանձնաժողովի անդամներ Էդգար Ղազարյանը, Սյուզաննա Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների, կառավարության անդամների և այլ պաշտոնյաների, ինչպես նաև հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների վերաբերյալ։

Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին նախաձեռնության մասին տեղեկացրել են նոյեմբերի 18-ին։ Նիստը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին։ Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովի բոլոր անդամները տեղեկացված են եղել նիստի մասին։

Ղազարյանի փոխանցմամբ՝ Խանդանյանը գրավոր պատասխանել է իրեն՝ նշելով, որ գործուղումների նկատմամբ վերահսկողության հարցերը հանձնաժողովի իրավասություններից դուրս են։ Նախաձեռնող պատգամավորները գրությամբ դիմել են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել նիստի անցկացումը։

Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովի յոթ անդամներից նիստին ներկայացել էին միայն երեք նախաձեռնող պատգամավորները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից որևէ մեկը, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը, չէր ներկայացել։

Պատգամավորը հայտարարել է, որ նույն օրը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացնելու՝ վկայակոչելով Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական անփութության վերաբերյալ հոդվածը։

Ի՞նչ են առաջարկում ընդդիմադիր պատգամավորները

Ղազարյանի խոսքով՝ իրենց մշակած որոշման նախագծով առաջարկվում է, որ համապատասխան իշխանության մարմիններն ամեն ամսվա վերջում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ամփոփ տեղեկատվություն ներկայացնեն արտասահմանյան գործուղումների վերաբերյալ, իսկ գործուղման մեկնած պաշտոնյաները հանձնաժողովում հաշվետվություն ներկայացնեն և պատասխանեն պատգամավորների հարցերին։

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են նաև նախապես հանձնաժողովում քննարկել ԱԺ պատգամավորների արտասահմանյան գործուղումների նպատակահարմարությունը և գործուղումների մասին կարգադրությունները ստորագրել հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում։

«Իրենք պիտի հաշվետվություն տան մեր Ազգային ժողովին և Ազգային ժողովի միջոցով՝ մեր ժողովրդին»,- ասել է Ղազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ առաջարկի նպատակն արտասահմանյան գործուղումները քննարկելն է։ Նա նշել է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի պետական բյուջեի միջոցներով իրականացվող գործուղումների նպատակների և արդյունքների մասին։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը յոթ անդամ ունի, որոնցից չորսը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են։ Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և նախագահի տեղակալ Մարիա Կարապետյանը ևս իշխող խմբակցության անդամներ են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում