Գլխավոր Լրահոս

Սահմանադրության նախագծի վերաբերյալ Դատավորների միության հայտարարությունը ՀԿ-ի դիրքորոշում է․ նախարարություն

Սահմանադրության նախագծի վերաբերյալ Դատավորների միության հայտարարությունը ՀԿ-ի դիրքորոշում է․ նախարարություն

«Հայաստանի դատավորների միությունը [...] դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում»։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարությունը՝ արձագանքելով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Դատավորների միության քննադատությանը։

Հայաստանի դատավորների միությունը նոյեմբերի 24-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման առաջարկվող կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։

Արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի դատավորների միությունը 1997-ին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է։ Միությանն անդամակցությունը կամավոր է, դրա անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։

Նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են դատական իշխանության համակարգում գործող մարմինները և դրանց կարգավիճակը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատավորների ինքնակառավարման մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է, որի անդամներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներն են։

ԱՆ-ն նշել է, որ Դատավորների միությունը չունի դատական իշխանության համակարգում գործող մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։

Ըստ նախարարության՝ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության որ մարմինն է ընդունել այն, քանի անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։ Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։

«Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

ԱՆ-ն ընդգծել է, որ չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը։

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նոր Սահմանադրության նախագծով

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։

Նախագծով առաջարկվում է գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում իրականացնել և փոխել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը։

Առաջարկվում է նաև ԲԴԽ բոլոր տասը անդամների ընտրության իրավասությունը վերապահել Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ հինգ անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, մյուս հինգին՝ Ազգային ժողովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում