Գլխավոր Լրահոս

Նախարարը պաշտպանում է $1.3 մլն-ը պետությանը չվերադարձնող ընկերությանը COP17-ի կազմակերպումը վստահելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Էկրանակադրը՝ «Ինֆոքոմի» հարցազրույցից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Էկրանակադրը՝ «Ինֆոքոմի» հարցազրույցից։

Լիա Ավագյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտպանել է COP17-ի կազմակերպումը «Դոպինգ Սփեյսին» վստահելու կառավարության որոշումը, թեև ընկերությունը պետական բյուջե չի վերադարձնում ավելի քան $1.3 մլն-ը, որը նախարարությունը համարում է Ջենիֆեր Լոպեսի համերգից տնտեսված գումար։ «Դոպինգ Սփեյսը» վիճարկում է նախարարության պահանջը։

Կառավարությունը «Դոպինգ Սփեյսի» հետ շուրջ 3.5 մլրդ դրամի՝ ավելի քան $8.9 մլն-ի պայմանագրեր է կնքել Երևանում կայանալիք COP17 համաժողովի կազմակերպման համար։ Պայմանագրերը կնքվել են մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ գումարի 90 տոկոսը պետք է ընկերությանը վճարվի նախապես։

Շաբաթ օրը «Ինֆոքոմի» հրապարակած հարցազրույցում հարցին, թե ինչու է կառավարությունը նոր խոշորածավալ միջոցառում վստահել մի ընկերության, որից ԿԳՄՍ նախարարությունը չի կարողանում հետ ստանալ ավելի քան 500 մլն դրամ, նախարարը պատասխանել է, որ կոնկրետ խնդիրը չի կարող բնութագրել ընկերության ամբողջ գործունեությունը։

«Եթե մենք ունենք իրավիճակ, որտեղ ունեցել ենք դրություն, որը որևէ մեկի կամքով չի առաջացել, և մենք խոսում ենք կոնկրետ այս պահին 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցածի մասին, ու դրանից հետո ձևավորվել է այս խնդիրը, որի հետ արդեն իրավական առումով կունենանք լուծումներ, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք որևէ ընկերության գործունեության մասին ընդհանրապես»,- ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունն ունի «կոնկրետ խնդիր» և դրա շուրջ իրավական աշխատանք է կատարում։

COP17-ի պայմանագրերով «Դոպինգ Սփեյսը» պետք է ապահովի միջոցառման կազմակերպչական աշխատանքները, տրանսպորտը, աուդիովիզուալ և գովազդային ծառայությունները, տեղեկատվական արշավն ու անհրաժեշտ գույքի ձեռքբերումը։

«Ազատության» հետաքննության համաձայն՝ ինչպես Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգի դեպքում, այս անգամ ևս պետական գումարի գերակշիռ մասը ընկերությանը տրամադրվելու է նախապես։ Ընկերությունը կստանա պայմանագրերի արժեքի 90 տոկոսը, իսկ մնացած 10 տոկոսը՝ միջոցառման ավարտից և հաշվետվությունների ներկայացումից հետո։

Վերադարձման ենթակա $1.3 մլն-ը չի փոխանցվել պետբյուջե

Կառավարությունը 2023-ին «Դոպինգ Սփեյսին» նախապես 2.3 մլրդ դրամ՝ այն ժամանակ շուրջ $6 մլն, էր փոխանցել Սնուփ Դոգի երևանյան համերգը կազմակերպելու համար։ Համերգը չկայացավ, իսկ նույն ծրագրի շրջանակում 2025-ին Երևանում ելույթ ունեցավ Ջենիֆեր Լոպեսը։

Ընկերությունը Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված 2.3 մլրդ դրամից ծախսել է 1.816 մլրդ դրամ։ Համենայնդեպս, ԿԳՄՍ նախարարությունն այդքանն է ընդունելի համարել։

Նախարարությունն ընկերությունից պահանջում է վերադարձնել մնացած 502 մլն դրամը՝ այն համարելով տնտեսված գումար։ Սակայն նախարարության տրամադրած տեղեկություններից պարզ չէ՝ այդ գումարն իրականում չի՞ ծախսվել, թե՞ ներկայացված ծախսերի մի մասը չի ընդունվել որպես հիմնավորված։

«Դոպինգ Սփեյսը» գումարը պետական բյուջե չի վերադարձրել և առարկություններ է ներկայացրել նախարարության պահանջի դեմ։

502 մլն դրամից բացի՝ նախարարությունը պահանջում է նաև 7.8 մլն դրամ՝ հաշվետվություններն ուշ ներկայացնելու համար, և պայմանագրով նախատեսված 24.3 մլն դրամ միանվագ վճարը։ Ընդհանուր պահանջը կազմում է մոտ 534 մլն դրամ։

«Այս պահին մենք ունենք ավելի քան 500 միլիոն դրամի հետգանձման պահանջ ընկերությունից, որի շուրջ խոսում ենք»,- ասել է Անդրեասյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում։

Նրա խոսքով՝ գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե։

«Մեզ համար դա մի գումար է, որը պետք է համարվի տնտեսված գումար և վերադարձվի պետությանը։ Դա մեր դիրքորոշումն է։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, և մենք հիմա այն պրոցեսում ենք, որ կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության՝ գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես»,- ասել է նախարարը։

Այսպիսով, կառավարությունը նույն ընկերությանը մոտ $9 մլն-ի նոր պայմանագրեր է տվել այն ընթացքում, երբ ընկերությունը չի վերադարձրել նախորդ պետական ֆինանսավորումից վերադարձման ենթակա $1.3 մլն-ը, իսկ նախարարությունը դեռ քննարկում է նրա առարկությունները։

Եթե կողմերը համաձայնության չգան, նախարարությունը կարող է գումարի վերադարձը պահանջել դատարանի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունը մինչ այդ հրաժարվել էր ընկերության բանկային երաշխիքից, որը, ըստ «Ազատության», թույլ կտար չկատարված ֆինանսական պարտավորությունների դեպքում գումարը գանձել բանկից։

$6 մլն՝ մեկ ամիս առաջ ստեղծված ընկերությանը

«Դոպինգ Սփեյսը» հիմնադրվել է 2023-ի հուլիսին՝ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու վերաբերյալ կառավարության որոշումից մոտ մեկ ամիս առաջ։

Ընկերության սկզբնական բաժնետերերից մեկը Մակար Պետրոսյանն էր՝ ՄԱՊ ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին։ «Ազատության» համաձայն՝ Պետրոսյաններն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ընկերության հիմնադրումից հինգ ամիս անց Մակար Պետրոսյանն իր բաժնեմասը փոխանցել է մյուս բաժնետեր Հայկ Սիմոնյանին, որը դարձել է ընկերության միակ սեփականատերը։

2023-ի օգոստոսին կառավարությունը նորաստեղծ ընկերությանը տրամադրել է 2.3 մլրդ դրամ՝ այն ժամանակ շուրջ $6 մլն։ Գումարն ամբողջությամբ փոխանցվել է նախապես։

«Ինֆոքոմի» լրագրողն Անդրեասյանին հարցրել է՝ արդյոք նախարարությանը հայտնի՞ են եղել ընկերության ստեղծման և սկզբնական բաժնետիրոջ ընտանիքի հետ կապված հանգամանքները, և մտահոգություն չի՞ առաջացրել նորաստեղծ ընկերության հետ նման ծավալի գործարքը։

Անդրեասյանը հարցին ուղիղ չի պատասխանել։

«Մենք իրավական պետություն ենք, և եթե որևէ մեկը որևէ մտահոգություն ունի որևէ գործընթացի վերաբերյալ, ազատ է այդ թեմայով դիմել իրավապահ մարմիններին, և իրավապահ մարմիններն էլ ազատ են անելու իրենց գործողությունները»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ գերատեսչությանը ներկայացվել էր ծրագիր, որն արժանացել էր կառավարության հավանությանը։

«Մենք էլ, որպես պատասխանատու գերատեսչություն, դրել ենք ամբողջ ջանքը, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ նպատակը Հայաստանը համաշխարհային աստղերի հյուրախաղերի հարթակ դարձնելն էր։

Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես

Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր 2023-ի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո։ Այն չկայացավ նաև 2024-ին։

2025-ի սկզբին Անդրեասյանը հայտարարում էր, որ նախարարությունը կազմակերպչից պահանջում է ամբողջ գումարը վերադարձնել պետական բյուջե։ Սակայն նույն տարվա հուլիսին պայմանագիրը փոխվեց, և Սնուփ Դոգի փոխարեն Երևանում ելույթ ունեցավ Ջենիֆեր Լոպեսը։

Անդրեասյանը հարցազրույցում ասել է, որ կազմակերպիչը Սնուփ Դոգի հետ երկար ժամանակ բանակցել է համերգի նոր ժամկետի շուրջ։

«Մենք ամբողջ ընթացքում ունեցել ենք խոսակցություն այն մասին, թե ինչպես կարող է համերգն իրականանալ, և համերգն իրականացվել է այն ձևաչափով, որը, էլի, բոլորի աչքի առաջ է եղել»,- ասել է նա՝ նկատի ունենալով Լոպեսի համերգը։

Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակը համերգի իրականացումն էր, ոչ թե ընկերության հետ դատական վեճի մեջ մտնելը։

«Կառավարության կամ նախարարության նպատակը չէր ընկնել դատական պրոցեսների և քաշքշուկների մեջ։ Նպատակն էր համաշխարհային աստղի հյուրախաղ կազմակերպել Հայաստանում, որն էլ տեղի է ունեցել»,- ասել է նա։

Երաշխիքը հանվել է, տույժերը չեն գանձվել

«Ազատության» հետաքննության համաձայն՝ Լոպեսի համերգից առաջ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է «Դոպինգ Սփեյսի» բանկային երաշխիքից։ Այդ երաշխիքը հնարավորություն կտար ընկերության չկատարած ֆինանսական պարտավորությունների դեպքում գումար գանձել բանկից։

Սկզբնական պայմանագրով համերգի անցկացման ժամկետի խախտման յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար նախատեսված էր 2.3 մլրդ դրամի 0.5 տոկոսի չափով տույժ՝ օրական մոտ 11.5 մլն դրամ։

«Ազատության» հաշվարկով՝ միայն 2025-ի առաջին ութ ամիսների համար տույժերը կարող էին գերազանցել 1.669 մլրդ դրամը։ Նախարարությունը դրանք չի գանձել։

«Ինֆոքոմի» լրագրողը նախարարին հարցրել է, թե ինչու գերատեսչությունը չի կիրառել պայմանագրով նախատեսված տույժերը և ինչու է հանվել բանկային երաշխիքի պահանջը։

«Ես նորից եմ ասում՝ մեր նպատակը քաշքշուկները չեն, մեր նպատակը հյուրախաղերի կազմակերպումն է։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղծվել էր իրավիճակ, որը պետք է հանգուցալուծվեր ու հանգուցալուծվեր դրական ձևով»,- պատասխանել է Անդրեասյանը։

Նա առանձին չի պարզաբանել ո՛չ բանկային երաշխիքից հրաժարվելու պատճառները, ո՛չ էլ չգանձված տույժերի հարցը։

Լոպեսի համերգից երկու օր առաջ հրապարակված նախահաշվի վերաբերյալ «Ազատության» նախորդ հետաքննությունը հարցեր էր բարձրացրել նախատեսված ծախսերի շուրջ։ Դրանց թվում էին երգչուհու երկօրյա սննդի համար նախատեսված մոտ $37,000-ը և նրա ու թիմի հյուրանոցային ծախսերի համար նախատեսված մոտ $185,000-ը։

Անդրեասյանը պնդել է, որ նախարարության կատարած բոլոր քայլերն իրավաչափ են եղել և համապատասխանել են օրենսդրությանը։ Նա միաժամանակ ասել է, որ համաշխարհային աստղերի հետագա հյուրախաղերը պետք է կազմակերպվեն մրցութային ընթացակարգով և վերանայված մեխանիզմներով։

Իրադարձություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում