Գլխավոր Լրահոս

Զբոսաշրջային այցելությունները հոկտեմբերին աճել են 34 տոկոսով. նախնական տվյալներ

Զբոսաշրջային այցելությունները հոկտեմբերին աճել են 34 տոկոսով. նախնական տվյալներ

2026-ի հոկտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, նախնական տվյալներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 34%-ով՝ հնարավոր է հասնելով շուրջ 285 հազարի։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2025-ի հոկտեմբերին գրանցվել էր 212,891 զբոսաշրջային այցելություն։ Այսպիսով, եթե նախնական գնահատականը հաստատվի, հոկտեմբերի աճը կկազմի ավելի քան 72 հազար այցելություն։

«Իմ ձեռքի տակ այս պահին կան հոկտեմբեր ամսվա տվյալները, իհարկե սրանք նախնական տվյալներ են, բայց մենք, կարծես թե, 2025-ի հոկտեմբեր ամսվա համեմատ արձանագրել ենք 34% աճ»,- ասաց Ավետյանը։

Կոմիտեի նախագահը նշեց, որ հոկտեմբերին Երևանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) նույնպես դրական ազդեցություն է ունեցել զբոսաշրջային հոսքերի վրա։ Այդ միջոցառմանը, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 15 հազար մասնակից է եղել:

Հոկտեմբերյան նախնական ցուցանիշը հաջորդում է ամռան ամիսներին արձանագրված զգալի անկմանը և սեպտեմբերյան զգալի աճին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օգոստոսին Հայաստանում գրանցվել է 227,026 զբոսաշրջային այցելություն՝ 32,1%-ով պակաս 2025-ի նույն ամսվա համեմատ։ Սեպտեմբերին, սակայն, այցելությունների թիվը հասել է 290,016-ի՝ աճելով 26,6%-ով։ Օգոստոսի համեմատ սեպտեմբերյան աճը կազմել է 27,7%։

Ավետյանը, այնուամենայնիվ, չի կարծում, որ ամսական ցուցանիշների նման տատանումները վկայում են Հայաստանի զբոսաշրջային շուկայի անկայունության մասին։ Նրա բացատրությամբ՝ դրանց վրա ազդում է նաև այցելությունների հաշվառման մեթոդաբանությունը։ «Այդ նվազումը պայմանավորված է զբոսաշրջիկների՝ Հայաստանում գտնվելու ավելի երկար ժամանակահատվածով»,- ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների հաշվառումը կատարվում է Հայաստանից նրանց մեկնելու պահին։ Հետևաբար, եթե զբոսաշրջիկը Հայաստան է ժամանել հուլիսին, բայց մեկնել է օգոստոսին, նրա այցելությունն արտացոլվում է օգոստոսի վիճակագրության մեջ։ Ավետյանը պնդում է, որ հենց այս հանգամանքով են բացատրվում ամռան ամիսներին գրանցված անկումները։

Հարցին՝ արդյոք անկումը պայմանավորված էր միայն հաշվառման առանձնահատկություններով, թե իրականում այցելուների թիվը նվազել էր , կոմիտեի նախագահը պատասխանեց. «Ոչ, այցելուների քանակը չի նվազել»։

Միաժամանակ, 2026-ի առաջին ինն ամիսների ամփոփված պաշտոնական տվյալներն ավելի չափավոր աճ են ցույց տալիս։ Հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 1 մլն 757 հազար 349 զբոսաշրջային այցելություն՝ ընդամենը 1,3%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Այցելությունների շուրջ 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 14%-ը՝ Վրաստանին և 8%-ը՝ Իրանին։

Ավետյանի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացման գնահատման համար միայն այցելությունների քանակը բավարար չէ։ Կարևոր է նաև այն ժամանակահատվածը, որը զբոսաշրջիկներն անցկացնում են Հայաստանում, նրանց կատարած ծախսերը և այդ այցելությունների տնտեսական ազդեցությունը։

«Մեզ համար շատ կարևոր է նրանց գտնվելու տևողությունը, ծախսվող գումարները և տնտեսական ազդեցությունը»,- ընդգծեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Հայաստանի կառավարության՝ 2026-2030-ի զբոսաշրջության զարգացման ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2030-ը տարեկան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 մլն-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում