Հայաստանի 12 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են։ Ընտրատեղամասերը բաց են առավոտյան ժամը 08:00-ից։ Քվեարկելու իրավունք ունի 233,494 քաղաքացի. նրանք ընտրելու են ավագանու 234 անդամ՝ 317 ընտրատեղամասում։
Տասը համայնքում ավագանին ընտրվում է համամասնական կարգով, երկուսում՝ մեծամասնական։ Ամենաշատ ընտրող ունի Աշտարակը՝ շուրջ 49,000 քաղաքացի, ամենաքիչը՝ Մեծաձորը, որտեղ քվեարկելու իրավունք ունի ընդամենը 73 մարդ։
Ինչ ուժերն են առաջադրվել
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) ցուցակ է առաջադրել բոլոր տասը համամասնական համայնքներում, իսկ մյուս ուժերն ավելի քիչ համայնքներում են ներկայացված։ Արագածոտնի մարզի Աշտարակում և Շիրակի մարզի Աշոցքում ՔՊ-ն մրցակից ընդհանրապես չունի. այստեղ այլ կուսակցություն կամ դաշինք չի առաջադրվել։
Արմավիրի մարզի Բաղրամյանում ՔՊ-ի հետ ընտրապայքարում է «Գործարար» կուսակցությունը, իսկ նույն մարզի Մեծամորում մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է (ՀՅԴ)։
Շիրակի մարզի Ամասիայում ՔՊ-ի դեմ մրցում է «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որն առաջին անգամ է մասնակցում ՏԻՄ ընտրությունների։ Կուսակցության նախագահը՝ 71-ամյա Սիմոն Պետրոսյանը, նախկին ՔՊ-ական է. 2023-ին լքել է իշխող թիմը, սակայն հունիսյան խորհրդարանական ընտրություններում սատարել է նրանց։
Գեղարքունիքի մարզի Սևանում պայքարում են երեք ուժ՝ ՔՊ-ն, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» դաշինքը, որի կազմում են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցությունները։
Լոռու մարզի Սպիտակում ևս պայքարում են երեք ուժ՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և ՔՊ։
Սյունիքի մարզի Կապանում առաջադրվել են ՔՊ-ն, «Շանտ» ազգայնական դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Տավուշի մարզի Նոյեմբերյանում մրցում են «Լուսավոր Հայաստան», ՔՊ և «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Արագածոտնի մարզի Ապարանում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով։ Սա նրանց առաջին համագործակցությունը չէ. նույն ձևաչափով նրանք առաջադրվել են նաև հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին՝ Գորիսում և Գավառում։
Որտեղ է պայքարը թեժ
Ամենասուր պայքարը սպասվում է չորս համայնքում՝ Կապան, Սևան, Սպիտակ և Նոյեմբերյանում։
Կապանում ուշադրությունը գրավում է նախկին համայնքապետ Գևորգ Փարսյանը, ով երկու անգամ արդեն հաղթել է իշխող ուժին։
Նոյեմբերյանում ընդդիմադիր «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Նրա թիմը նախորդ ընտրություններում հաղթել էր ՔՊ-ին, իսկ հիմա քարոզում է շարունակել սկսած գործերը։
Սպիտակում կպայքարի նաև «Ուժեղ Հայաստանը»։ Սևանի երեք հավակնորդներն են՝ ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնքի» թեկնածու, գործարար Վահրամ Գևորգյանը և «Վստահություն» դաշինքը։ Վերջինիս ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը՝ նախկին հանրապետական, ով Սևանի ղեկավար է դարձել Սերժ Սարգսյանի օրոք, իսկ 2021-ին վերընտրվել ՔՊ-ի աջակցությամբ։
Քարոզարշավի ընթացքում իշխանության թեկնածուները խոսում էին հիմնականում պետական ներդրումների ու ծրագրերի շարունակության, ճանապարհների և ջրագծերի բարելավման մասին։ Ընդդիմությունն էլ ասում էր, որ համայնքի կառավարումը պետք է փոխվի։












