Բաթումիի միջազգային օդանավակայանում նոյեմբերի 28-ին բախում է տեղի ունեցել թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջև։ Իսրայելական Kan հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ոստիկանները միջամտել և դադարեցրել են բախումը։ Միջադեպը տեղի է ունեցել Բաթումիում երկու ակումբների միջև անցկացված ֆուտբոլային հանդիպումից երկու օր անց, որի ընթացքում նույնպես բախումներ էին եղել։
Ըստ The Times of Israel-ի՝ երկրպագուները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէին կարողացել ժամանակին մեկնել Վրաստանից։
Վրացական Interpressnews գործակալությունը միջադեպը բնորոշել է որպես բանավոր առճակատում՝ նշելով, որ որևէ անձ չի ձերբակալվել։ Իրավապահները հանդարտեցրել են իրավիճակը, իսկ Թուրքիա և Իսրայել մեկնող ինքնաթիռներն արդեն հեռացել են Բաթումիից։
Միջադեպը տեղի է ունեցել երկու ակումբների՝ նոյեմբերի 26-ին Բաթումիում կայացած Եվրոպա լիգայի հանդիպումից երկու օր անց։ Հանդիպումը շուրջ 30 րոպեով ընդհատվել էր թուրք երկրպագուների և վրացական ոստիկանության միջև բախումների պատճառով։
Associated Press-ի հաղորդմամբ՝ ոստիկանների և թուրք երկրպագուների միջև բախումները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ վերջիններս պարզել էին Պաղեստինի դրոշն ու պաղեստինցիներին աջակցող պաստառը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքել էր, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը պայմանավորված էր պաղեստինամետ դրոշների և պաստառների ցուցադրմամբ։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրպագուների և ոստիկանների միջև բախումները սկսվել էին դեռևս մարզադաշտ տանող երթի ընթացքում։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հաղորդմամբ՝ ոստիկանները միջամտել էին «Բեշիքթաշի» երկրպագուների միջև սկսված բախումները դադարեցնելու համար, ինչից հետո իրավիճակը սրվել էր։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նոյեմբերի 26-ի միջադեպերի հետևանքով ձերբակալվել էր 16 անձ, վնասվածքներ էր ստացել երեք ոստիկան։ Նոյեմբերի 27-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հայտնել էր, որ բոլոր 16 ձերբակալվածներն ազատ են արձակվել։
Միջադեպի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել նաև Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։
Նոյեմբերի 27-ին ՈւԵՖԱ-ն հայտարարել էր միջադեպի առնչությամբ կարգապահական քննություն սկսելու մասին։
«Բեշիքթաշ»-«Հապոել Բեեր Շևա» հանդիպումն անվտանգության նկատառումներով Ստամբուլից տեղափոխվել էր Բաթումի։ Ընդհատումից հետո խաղը վերսկսվել էր և ավարտվել թուրքական ակումբի՝ 2։1 հաշվով հաղթանակով։












