Գլխավոր Լրահոս

Վրաստանի ռեգբիի հավաքականի նախկին ավագն ու խաղացողները դոպինգի պատճառով որակազրկվել են

Մերաբ Շարիկաձեն

Մերաբ Շարիկաձեն

AP Photo

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի նախկին ավագ Մերաբ Շարիկաձեն 11 տարով որակազրկվել է՝ դոպինգ-թեստի համար մեզի նմուշը փոխելու պատճառով։ Վրաստանցի մի շարք այլ ռեգբիստներ, ինչպես նաև հավաքականի նախկին բժիշկը, հակադոպինգային կանոնների նմանատիպ խախտումների համար ավելի կարճ ժամկետներով են որակազրկվել։

Խիստ պատժամիջոցների հանգեցրած զուգահեռ հետաքննությունն իրականացրել են World Rugby-ն և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն։ World Rugby-ն այն բնութագրել է որպես «ռեգբիում երբևէ իրականացված ամենածավալուն հակադոպինգային հետաքննությունը»։

Հայտարարությունում նշվում է, որ պատժամիջոցների պատճառը եղել է «2023-ի տղամարդկանց ռեգբիի աշխարհի առաջնությունից առաջ երկար ժամանակ մեզի նմուշների փոխարինմանը մասնակցությունը»։ World Rugby-ի տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է «մեզի նմուշներում հայտնաբերված խախտումների» պատճառով։

Հետաքննության ընթացքում World Rugby-ի հիմնական վարկածն այն էր, որ մեզի նմուշների փոխարինումն իրականացվել է արդյունավետությունը բարձրացնող նյութերի օգտագործումը թաքցնելու նպատակով, սակայն դա ապացուցել չի հաջողվել։

«Միևնույն ժամանակ, առկա էին վստահելի ապացույցներ, որոնք հաստատում էին խաղացողների պնդումները, թե մեզի նմուշների փոխարինումը տեղի է ունեցել ոչ թե արդյունավետությունը բարձրացնող, այլ ոչ արդյունավետությունը բարձրացնող նյութերի՝ մասնավորապես կանեփի և տրամադոլի օգտագործումը թաքցնելու համար»,- նշել է կազմակերպությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ թեև կանեփը WADA-ի արգելված նյութերի ցանկում է, դրա օգտագործումն արգելված է միայն մրցումների ընթացքում։ Հեռարձակողը նաև նշել է, որ տրամադոլը, որի համար այժմ ևս պատժամիջոցներ են կիրառվում, վրացիների խախտումների ժամանակ «ընդհանրապես արգելված չէր»։

«Նրանց բոլոր նմուշափոխումները տեղի են ունեցել մրցումներից դուրս ստուգումների ժամանակ՝ բացահայտումից խուսափելու համար»,- նշել է BBC-ն։

Շարիկաձեի հետ հակադոպինգային կանոնների խախտման համար պատժամիջոցներ են կիրառվել նաև խաղացողներ Գիորգի Չկոիձեի (վեց տարի), Լաշա Խմալաձեի (երեք տարի), Միրիան Մոդեբաձեի (երեք տարի), Օտար Լաշխիի (երեք տարի) և Լաշա Լոմիձեի (ինը ամիս) նկատմամբ։

Հավաքականի գլխավոր բժիշկ Նուցա Շամատավան ինը տարով որակազրկվել է։

Երբ WADA-ն մարտին առաջին անգամ հայտնել էր դոպինգային սկանդալի մասին՝ առանց անուններ հրապարակելու, Վրաստանի ռեգբիի միությունը հայտարարել էր, որ 2023-24 մրցաշրջանից հետո գործին առնչվող անձանցից ոչ ոք այլևս չի խաղում կամ աշխատում ազգային հավաքականում ։

World Rugby-ն նշել է, որ խաղացողների և անձնակազմի հետ ուսումնասիրել է նաև Վրաստանի ռեգբիի միության գործունեությունը՝ համոզվելու, որ «հնարավոր ցանկացած ներգրավվածություն» բացահայտված է։ Թեև կազմակերպությունը համապատասխան կանոնակարգի շրջանակում միության ուղղակի մեղավորություն չի հայտնաբերել, World Rugby-ն վարքականոնի խախտման մեղադրանք է ներկայացրել։

Վրաստանի ռեգբիի միությունը հայտարարել է, որ համաձայն է World Rugby-ի որոշման հետ, ընդունել է ֆինանսական տույժը և պարտավորվել է իրականացնել հակադոպինգային կրթության ոլորտում բարեփոխումներ։

«Գործընթացի հենց սկզբից Վրաստանի ռեգբիի միությունը լիովին և թափանցիկ կերպով համագործակցել է World Rugby-ի հետ։ Հակադոպինգային կրթության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ ինտենսիվ աշխատանք է տարվում, և խստացված կանխարգելիչ միջոցառումներ են ներդրվել»,- հավելել է միությունը։

2025-ի նոյեմբերին Setanta Sports Georgia-ին տված հարցազրույցում 32-ամյա Շարիկաձեն խոսել էր դոպինգային սկանդալի մասին։ Նա հաստատել էր, որ իր նմուշն օգտագործվել է այլ խաղացողների նմուշների փոխարեն։

«Մարդկանցից մեկը խնդրեց ինձ։ Մարդ էր, որին վստահում էի։ Զավեշտալին այն է, որ, ինչպես հետո պարզվեց, դա նույնիսկ պետք չէր, բայց ինչպե՞ս դա ապացուցել։ Եթե նրանք ներկայացնեին իրենց սեփական նմուշը, չէին որակազրկվի»,- ասել էր նա։

Շարիկաձեի խոսքով՝ երբ 2024-ի հուլիսին նրան կանչել են Վրաստանի ռեգբիի միություն և տեղեկացրել հետաքննության մասին, նա դժվար թե պատկերացներ, թե ինչ է իրեն սպասում։

«Չէի կարծում, որ սա կարող է այդքան լուրջ խախտում համարվել, հատկապես հաշվի առնելով, որ ես ուրիշի մեզը չեմ օգտագործել։ Իմ մաքուր նմուշն է օգտագործվել ուրիշի կողմից»,- ասել էր նա։

Շարիկաձեն հավելել էր, որ հենց Ռեգբիի միություն հրավիրվելուց հետո է հեռացել սպորտից՝ փաստացի հարկադրված լինելով վաղաժամ ավարտել կարիերան։

«Ռեգբիում շատ բաների համար էի պատասխանատու, և հանկարծ հայտնվեցի այդ ամենից ամենահեռու կետում։ Իմ պատմությունը չպետք է այսպես ավարտվեր․ մեկ բառով դա կանվանեի հիասթափություն»։

Կազմակերպություն

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում