Իրանի բանակի ցամաքային զորքերը տեղակայված են երկրի սահմաններին և պատրաստ են հետ մղել հնարավոր ցամաքային ներխուժումը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Նոուզար Նեմաթին, հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։
Նեմաթիի խոսքով՝ ցամաքային զորքերի ստորաբաժանումները սահմաններին տեղակայվել են դեռևս պատերազմի մեկնարկից առաջ՝ իրականացնելով սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
Իրանցի գեներալը պնդել է, որ հակառակորդը չունի Իրանի զինված ուժերի դեմ ցամաքային պատերազմ վարելու կարողություն։
Նեմաթին նաև հայտարարել է, որ չնայած որոշ հարևան երկրներում առկա անկայունությանը՝ Իրանի սահմանների անվտանգությունն ապահովված է։ Նրա խոսքով՝ սահմանների պաշտպանությունն իրականացնում են բանակի ցամաքային զորքերը, սահմանապահ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության պայմաններում։
Նոյեմբերի 7-ին Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են սահմանափակել Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով սպառազինության ու պատժամիջոցների ենթակա ապրանքների փոխադրումները։
Նոյեմբերի 27-ին ամերիկյան կողմը հայտնել էր Իրանի ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավը շարքից հանելու մասին։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր շրջափակմանը հակազդելու մտադրության մասին։












