Գլխավոր Լրահոս

Նոր ատոմային էներգաբլոկի հարցում 2027-ին որոշակիություն կունենանք․ Փաշինյան

Նոր ատոմային էներգաբլոկի հարցում 2027-ին որոշակիություն կունենանք․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը հույս ունի 2027-ին որոշակիություն ունենալ նոր միջուկային էներգաբլոկի ստեղծման հարցում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի բացմանը։

Նրա խոսքով՝ նոր միջուկային էներգաբլոկը պետք է փոխարինի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկին՝ վերջինիս շահագործումից դուրս բերումից հետո։

Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելու համար նախատեսված աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն կատարվել է, իսկ մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են։

Այդ աշխատանքների իրականացման համար, վարչապետի խոսքով, կառավարության 2023-ի որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 160 մլն դոլարին համարժեք դրամ։

Վարչապետն ընդգծել է, որ նոր միջուկային էներգաբլոկ ունենալը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի։

«Նոր միջուկային էներգաբլոկի ստեղծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016-ին, որից հետո կառավարության որոշմամբ այն երկարաձգվել է 10 տարով։ Վարչապետի խոսքով՝ դրա համար նախատեսված տեխնիկական միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են։

Հաշվի առնելով Հայաստանի անընդհատ էլեկտրամատակարարման գործում ատոմակայանի նշանակությունը և ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձը՝ կառավարությունը որոշել է երկրորդ անգամ երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ 2026-ից մինչև 2036-ը։

Կառավարության 2026-2031-ի ծրագրով նախատեսվում է մեկնարկել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ մինչև 2027-ի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը մի քանի երկրից առաջարկներ է ստացել և ուսումնասիրում է դրանք։ Նախարարի խոսքով՝ նոր ատոմակայանի մոդելի վերաբերյալ որոշում ակնկալվում է 2027-ի սկզբին, որից հետո նախատեսվում է անցնել նախագծի իրականացման գործնական փուլին։

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել էր ինչպես գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, այնպես էլ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները։

Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը շարունակում է ուսումնասիրել միջազգային գործընկերների առաջարկները, իսկ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում