Գլխավոր Լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծը մեծ ցատկ է դեպի սուլթանատ․ Քոչարյան

Նոր Սահմանադրության նախագիծը մեծ ցատկ է դեպի սուլթանատ․ Քոչարյան

«Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ»։ Այսպես է Հայաստանի երկրորդ նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը բնորոշել նոր Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ դրանով վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ավտորիտար կառավարումն ամրապնդել սահմանադրական մակարդակով։

Քոչարյանն իր հայտարարությունում պնդել է, որ նոր Սահմանադրության նախագծով իշխանությունները բավարարում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ կապված Անկախության հռչակագրի, պետական խորհրդանիշների և Հայոց ցեղասպանության ճանաչումից նահանջի հետ։

Երկրորդ նախագահի քննադատությունը վերաբերում է նաև նախագծով առաջարկվող կառավարման մոդելին։ Նրա պնդմամբ՝ նախագիծը միտված է Փաշինյանի միանձնյա իշխանության հավերժացմանը։

«Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է»,- հայտարարել է Քոչարյանը։

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին նոր Սահմանադրության նախագիծը փոխանցվել է նոյեմբերի 27-ին։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ նախագիծը հանձնուքի հետ փոխանցել են քրեակատարողական ծառայությանը։

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախնական նախագիծը։ Դրանում, ի տարբերություն գործող Սահմանադրության, բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, իսկ պետական խորհրդանիշների նկարագրությունն առաջարկվում է սահմանել հանրաքվեով ընդունվող օրենքով։

Նախագծի հրապարակման օրը ժողովրդին ուղղված ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված չէ արտաքին ճնշումներով։

Նոյեմբերի 20-ին Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 6 ձայնը՝ խոստանալով նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։

Խորհրդարանական ընդդիմությունը մերժել է Փաշինյանի առաջարկը։ Նոր Սահմանադրության ընդունմանը դեմ է արտահայտվել նաև ընդդիմադիր համախմբումը՝ նախագիծը համարելով արտաքին պարտադրանքի և իշխանության կենտրոնացման միջոց։

Նոյեմբերի 26-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ նախ պետք է տեղի ունենան նախագծի հանրային և խորհրդարանական քննարկումները։

Գործող Սահմանադրության համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը դրա համար պակասում է 6 ձայն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում