Հայաստանում նախկին Սահմանադրությունները չեն ընդունվել քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ, իսկ դրանց ընդունման հանրաքվեների արդյունքները, ըստ հանրային լայն ըմբռնման, կեղծվել են։ Այս մասին նոյեմբերի 23-ին ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ժողովրդին հղած ուղերձում։
Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև «օրգանական կապ» ստեղծելու համար։
Նա նշել է, որ գործող իրավակարգը նույնպես բխում է Սահմանադրությունից, սակայն այդ կապը, իր գնահատմամբ, չի ձևավորվել, քանի որ նախորդ սահմանադրությունները չեն ընդունվել քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ։
Փաշինյանը դիմել է քաղաքացիներին՝ հարցնելով, թե արդյոք նրանք գործող Սահմանադրությունն իրենցն են համարում, և ինքն էլ պատասխանել է՝ «Ակնհայտորեն ոչ»։
Նրա խոսքով՝ Հայաստանի բազմաթիվ խնդիրներ սկսվում են նրանից, որ քաղաքացին Սահմանադրությունն իրենը չի համարում, հետևաբար իրենը չի համարում նաև երկրում հաստատված իրավակարգը և պետությունը։
«Անհրաժեշտ է, որ սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և այսպիսով պետությունը լիարժեք և ամբողջական քոնը լինի»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագծի նախաբանը, որում նշվում է․
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Վարչապետը մեջբերել է նաև նախագծի դրույթը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է, որին պատկանում է իշխանությունը։ Նախագծի համաձայն՝ ժողովուրդը պետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, ինչպես նաև մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։
«Այս նպատակի իրականացումը պետական շահ է»,- նշե է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը նոր Սահմանադրության առաջին նախագիծը հրապարակել է իր հանձնարարությամբ՝ հատուկ ստեղծված կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ փաստաթղթին և ներկայացնել առաջարկություններ։
Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու մանդատը իշխանությունը ստացել է 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ դրա ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։
Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կրկին անդրադառնալու է նոր Սահմանադրության ընդունման հիմնավորումներին՝ ակնկալելով նախագծի ակտիվ հանրային քննարկում։
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում այլևս հղում չկա 1990-ի Անկախության հռչակագրին, մինչդեռ գործող Սահմանադրության նախաբանում հիշատակվում են հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է լինի։
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում վարչապետն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա հայտարարել էր, որ եթե հանրաքվեում նախագիծը մերժվի, պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա։ Իսկ եթե նախագիծն ընդունվի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի թեկնածու։












