Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի դնում․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի դնում․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի դնում։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում։

Նոյեմբերի 28-ին հրապարակված հարցազրույցում Մասադիկովը ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու որոշումը բնորոշել է որպես ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադիր միջոց։

Նրա խոսքով՝ Երևանը 2024-ից դադարեցրել է անդամավճարների վճարումը, իսկ կազմակերպության կանոնադրությունը երկու տարուց ավելի պարտքի դեպքում նախատեսում է ձայնի և քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքների սահմանափակում։

«Միևնույն ժամանակ, Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում, և այն պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»,- ասել է Մասադիկովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունում նորմալ չեն համարում Հայաստանի ներկայիս կարգավիճակը, քանի որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կառույցի աշխատանքներին։ Հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը, սակայն, թողնված է հայկական կողմին։ Պարտքն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին կարող է վերականգնվել։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները որոշում էին ընդունել Հայաստանին զրկել կառույցի մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ սահմանափակումները գործում են մինչև պարտքի ամբողջական մարումը։

ՀԱՊԿ գագաթնաժողովից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է զրկվել կազմակերպությունում ձայնի իրավունքից, սակայն կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած դաշնակցային պարտավորությունները, մասնավորապես՝ պատշաճ չի արձագանքել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին։

Նոյեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունները սպառված են։ Հայաստանը, սակայն, պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում