Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև Հայաստանի ընտրության հարցը։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է TASS-ը։
Կրեմլի խոսնակի պնդմամբ՝ դեպի Եվրամիություն Հայաստանի կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման գործընթացը շարունակելու ցանկությունը չեն համատեղվում։
Պեսկովը նաև հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը։ Նրա խոսքով՝ առաջիկա բանակցությունների օրակարգը բավականին հագեցած է լինելու։
Փաշինյանը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ։ Վարչապետը դեկտեմբերին նախատեսում է երեք անգամ այցելել Ռուսաստան՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ, իսկ Հայաստանի քաղաքականության նպատակն այլընտրանք ստեղծելն է։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, վարչապետը ասել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքները։
2026-ի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրները զեկույց են պատրաստել միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների վերաբերյալ։
Հայաստանի Ազգային ժողովը 2025-ի մարտի 26-ին ընդունել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այս տարվա նոյեմբերի 3-ին Բրյուսելում Փաշինյանը հայտարարել էր, որ 2027-ին կամ 2028-ին ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելն իրատեսական է։











