Նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցն իշխանության համար սկզբունքային է և չի կարող վերանայվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա միաժամանակ նշել է, որ իշխանությունը նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը չի համարում վերջնական և պատրաստ է քննարկել քաղաքացիների հիմնավոր մտահոգությունները՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Ալեքսանյանի խոսքով՝ իշխանության նպատակն է, որ նոր Սահմանադրությունը դառնա առաջինը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն իրենցը։
Նախագիծը հանրաքվեի դնելու հարցը
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նոր Սահմանադրության նախագծին կողմ չքվեարկելու դիրքորոշմանը՝ Ալեքսանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել ժողովրդի իրավունքի իրացմանը։
«Ընդդիմությունը չի կարող մնալ ու իրեն դիրքավորել որպես ժողովրդի ու ժողովրդի իրավունքի իրացման միջև խոչընդոտ։ Չի կարող նման բան լինել ու չի լինելու։ Ժողովուրդը դա թույլ չի տալու»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Ալեքսանյանը չի հստակեցրել, թե ինչ քայլեր կձեռնարկի իշխանությունը, եթե ընդդիմությունը չաջակցի նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
Ի պատասխան հնարավոր քաղաքացիական բախումների մասին հարցին՝ Ալեքսանյանը բացառել է նման զարգացումը։
Գործող դատավորների բարեվարքության ստուգումը
Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծով դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին՝ Ալեքսանյանը չի բացառել, որ խնդիրներ կարող են լինել նաև ներկայիս իշխանության օրոք նշանակված դատավորների հետ կապված։
«Ո՞վ է ասել, որ մենք անսխալական ենք կամ մենք կադրային հարցերում բացարձակ ճշմարտացի ենք»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայիս իշխանության օրոք դատավորների նշանակումը չի ենթադրում, որ նրանք նշանակվել են քաղաքական որոշմամբ։
Ալեքսանյանի խոսքով՝ Ազգային ժողովում հրապարակային ընթացակարգով ձևավորվելիք հանձնաժողովն ուսումնասիրելու է գործող դատավորների բարեվարքությունը, այդ թվում՝ նրանց օրինական եկամուտների և ունեցած գույքի համապատասխանությունը։
ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ նախատեսվող կարգավորումները չեն տարածվելու Սահմանադրական դատարանի կազմի վրա։ Նա ընդգծել է Սահմանադրական դատարանի անկախության կարևորությունը՝ միաժամանակ նշելով, որ այս հարցը ևս ենթակա է քննարկման։
***
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ի տարբերություն գործող Սահմանադրության՝ նախագծի նախաբանում բացակայում է 1990-ի Անկախության հռչակագրին հղումը։ Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև դատական համակարգում, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգում։
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայնը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը դրա համար անհրաժեշտ է ևս վեց ձայն։
Նոյեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը առաջարկել էր տրամադրել անհրաժեշտ վեց ձայնը՝ խոստանալով հանրաքվեում նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Նոյեմբերի 23-ին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն արձագանքել էին Փաշինյանի առաջարկին։
Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ժողովրդին հղած ուղերձում Փաշինյանը նաև հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կստորագրի և կվավերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։












