Գլխավոր Լրահոս

Հայ և ադրբեջանցի 60 ներկայացուցիչներ Դիլիջանում քննարկել են խաղաղության գործընթացը

Հայ և ադրբեջանցի 60 ներկայացուցիչներ Դիլիջանում քննարկել են խաղաղության գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման, երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման, տնտեսական համագործակցության և հաղորդակցության ուղիների ձևավորման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» (Peace Bridge) նախաձեռնությունը։

Նոյեմբերի 26-27-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացված երկկողմ կլոր սեղան-քննարկմանը մասնակցել է 60 ներկայացուցիչ՝ Հայաստանից 31, Ադրբեջանից՝ 29։ Հայաստանյան մասնակիցներից մեկը՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քննարկմանը մասնակցել է հեռավար։ Սա նախաձեռնության շրջանակում անցկացված հինգերորդ հանդիպումն էր։

Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներն անդրադարձել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին ու մարդասիրական հարցերին։

Օրակարգում են եղել նաև երիտասարդության հետ աշխատանքի, կրթության և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ ու երկարաժամկետ կապերի հաստատման հարցերը։

Կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և արտաքին գործերի ու միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Մասնակիցները նրանց հարցեր ուղղելու և տեսակետներ փոխանակելու հնարավորություն են ունեցել։

Հանդիպման շրջանակում աշխատանք է տարվել նաև առանձին հանձնաժողովների ձևաչափով, որոնցում քննարկվել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու հետագա համագործակցության հնարավորությունները։

***

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներն այս ձևաչափով մեկնարկել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։

Հինգերորդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն հետաձգվել էր ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության շուրջ առաջացած տարաձայնությունների ֆոնին։

Գանձասարի շուրջ զարգացումներից հետո նախաձեռնության հայաստանյան և ադրբեջանական խմբերը հայտարարություններ էին տարածել՝ արտահայտելով իրենց տարաձայնությունները։ Սեպտեմբերի 16-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ այդ միջադեպից հետո զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Նոյեմբերի 26-ին՝ շուրջ երկու ամիս հետաձգումից հետո, ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում