Գլխավոր դատախազությունը երկու հայցադիմում է ներկայացրել Սնանկության և Հակակոռուպցիոն դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Հայցերի հիմքում պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումն է, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Սնանկության դատարան ներկայացված հայցով դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին պատկանող՝ Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
Ըստ դատախազության՝ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը պարտավորվել էր 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել։ Սակայն գնորդի ներկայացրած հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով այդ պարտավորության պատշաճ կատարումը չի հաստատվել։
Սնանկության դատարանը նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։
Մյուս հայցը դատախազությունը ներկայացրել է Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲԸ-ի և «Սոլիդիուս» ՓԲԸ-ի։
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Եվրոպարկ» առևտրի կենտրոնին պատկանող՝ Աթենքի փողոց 10/2 հասցեում և «Սոլիդիուս» ընկերությանը պատկանող՝ Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի վրա։
Ըստ դատախազության՝ ընկերությունները պատշաճ չեն կատարել պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները։
Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։ Դատախազությունը չի մանրամասնել, թե ապահովման ինչ միջոց է կիրառվել։
«Հրազդան» մարզադաշտը մասնավորեցվել է 2004-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Կառավարության հուլիսի 22-ի որոշմամբ մարզադաշտը, շուրջ 10,4 հեկտար հողատարածքը և շինություններն ուղղակի վաճառքի ձևով օտարվել են «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին՝ 87 մլն 520 հազար դրամով։
2024-ի փետրվարին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ուսումնասիրել է «Հրազդան» մարզահամալիրի գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող փաստաթղթերը։ Ըստ դատախազության՝ ուսումնասիրության նյութերում գույքի վաճառքի սահմանված գնի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, ինչպես նաև հաշվի չի առնվել գույքի անկախ գնահատում իրականացնելու՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջարկը։
2015-ին դատարանի որոշմամբ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ էին ճանաչվել։
2026-ին կառավարությունը նաև նախատեսել է պետական բյուջեից 600 մլն դրամ ներդնել «Հրազդան» մարզադաշտի ենթակառուցվածքների բարելավման համար՝ 2027-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ։ Ներդրման դիմաց նախատեսվում է առաջիկա 20 տարիներին մարզադաշտն օգտագործել պետական ծրագրերի, առաջնությունների, համերգների և մարզումների համար։












