Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների առնչությամբ դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների առնչությամբ դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ երեք նոր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ) և մեկ դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), հայտնում են կուսասկցությունից:

Կուսակցությունը վիճարկում է խորհրդարան անցնելու շեմի հաշվարկման կարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորությունները և ընտրական վեճերի դատական քննության կարգավորումները։ ԲՀԿ-ն պնդում է, որ պետական մարմինների սխալների և որոշումների հետևանքով չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված 4 տոկոսի շեմը։

Կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ Սահմանադրական դատարան դիմումները ներկայացվել են նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին, իսկ ՄԻԵԴ՝ նոյեմբերի 4-ին։ ԲՀԿ-ի շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը։

Ի՞նչ է վիճարկում ԲՀԿ-ն

Կուսակցությունը վիճարկում է անցողիկ շեմի հաշվարկման հիմքում ընտրական անճշտությունները ներառելու օրենսդրական կարգավորումը։ Ըստ ԲՀԿ-ի՝ շեմի հաշվարկման հիմքին գումարվել է 4,331 անճշտություն։ Կուսակցության հաշվարկով՝ առանց դրանց ԲՀԿ-ն կստանար ձայների 4,001 տոկոսը՝ անցողիկ շեմը գերազանցելով 17 ձայնով։

ԲՀԿ-ն վիճարկում է նաև ԿԸՀ-ի՝ սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորությունների կարգավորումը՝ պնդելով, որ այն դեպքերում, երբ այդ որոշումը կարող է փոխել խորհրդարանի կազմը, պետք է նշանակվի վերաքվեարկություն։

Երրորդ հարցը վերաբերում է ընտրական վեճերում արդար դատաքննությանը։ Կուսակցության պնդմամբ՝ ընտրական վեճերի քննության համար սահմանված սեղմ ժամկետներն ու ապացույցների հասանելիության խնդիրները սահմանափակում են արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը։

ՄԻԵԴ ներկայացված դիմումով ԲՀԿ-ն պնդում է, որ ընտրատեղամասերի արդյունքներն առանց վերաքվեարկության անվավեր ճանաչելու և արդյունավետ դատական պաշտպանություն չապահովելու հետևանքով խախտվել են ազատ ընտրությունների և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները։

ԲՀԿ-ն խորհրդարան անցնելու շեմը չի հաղթահարել 156 ձայնով

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել էր 58,287 ձայն՝ 3,989 տոկոս, և չէր հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված 4 տոկոսի շեմը։ Կուսակցությանը պակասել էր 156 ձայն։

Ըստ ԲՀԿ-ի՝ հունիսի 8-ին հրապարակված նախնական արդյունքներով կուսակցությունը ստացել էր 58,378 ձայն, և անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում էր 52 ձայն։ Նույն օրը կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերի արդյունքների մուտքագրման սխալներ էր հայտնաբերել և հետագայում դիմել ԿԸՀ՝ դրանք շտկելու պահանջով։

Հունիսի 11-ին ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր էր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որտեղ, ըստ ԲՀԿ-ի, կուսակցությունը ստացել էր ընդհանուր 213 ձայն։ Այդ տեղամասերում վերաքվեարկություն չէր նշանակվել։

Կուսակցության պնդմամբ՝ հունիսի 12-ին հրապարակված վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ-ի ձայներն ավելացել էին 147-ով և հասել 58,525-ի։ Ըստ ԲՀԿ-ի հաշվարկի՝ երկու ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր չճանաչելու դեպքում կուսակցությունը կհաղթահարեր անցողիկ շեմը։

ԿԸՀ նախագահը, մինչդեռ, Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննության ժամանակ հայտարարել էր, որ նույնիսկ այդ տեղամասերի քվեարկության արդյունքները չեղարկված չլինելու դեպքում ԲՀԿ-ն չէր հաղթահարի 4 տոկոսի շեմը։

Սահմանադրական դատարանի որոշումն ու ԵԽԽՎ դիտարկումները

ԲՀԿ-ն և ևս վեց քաղաքական ուժեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկել էին Սահմանադրական դատարանում։ Հուլիսի 4-ին ՍԴ-ն որոշել էր ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը։

ԲՀԿ-ն իր հայտարարությունում հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն անդրադարձել էր ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործմանը, թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներին, նախընտրական քարոզչության ընթացքում հնչած արտահայտություններին և Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը։

Դատարանը, սակայն, գտել էր, որ արձանագրված խախտումները կա՛մ դրվագային են եղել, կա՛մ ապացուցված չի եղել դրանց ազդեցությունն ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սեպտեմբերի 22-ի դիտորդական զեկույցում մտահոգություն էր հայտնել ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրատեղամասերի արդյունքներն առանց բավարար հիմնավորման և վերաքվեարկության անվավեր ճանաչելու կապակցությամբ։

Ըստ ԵԽԽՎ զեկույցի՝ ԲՀԿ-ի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու հետևանքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ստացել է երեք հինգերորդի մեծամասնություն։

ԵԽԽՎ դիտորդներն իշխանություններին առաջարկել էին փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ նախատեսելով պարտադիր վերաքվեարկություն այն դեպքերում, երբ վտանգված է ընտրողների հիմնարար ներկայացվածությունը։ Միաժամանակ դիտորդները հունիսի 7-ի ընտրությունների կազմակերպումն ընդհանուր առմամբ դրական էին գնահատել՝ արձանագրելով նաև նախընտրական շրջանում արտաքին միջամտության դեպքեր։

ԲՀԿ-ն՝ կուսակցության անդամների նկատմամբ քրեական հետապնդումների մասին

ԲՀԿ-ն հայտարարությունում անդրադարձել է նաև կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներին։

Կուսակցության հաղորդմամբ՝ կալանքի տակ են ընտրական ցուցակը գլխավորած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Անդրանիկ Թևանյանը և յոթերորդ համարը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանը։ Ցուցակի 27-րդ համարը զբաղեցրած Արեգնազ Մանուկյանը տնային կալանքի տակ է։

Ըստ ԲՀԿ-ի՝ քրեական գործեր են հարուցվել նաև պատգամավորության թեկնածուներ Էդգար Բոջուկյանի, Հարություն Ղարագյոզյանի և Գարուշ Մարզեցյանի նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին։ Նոյեմբերի 5-ին դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս երեք ամսով։

ԲՀԿ-ն հայտնում է նաև, որ Ծառուկյանի հետ կապված մի շարք ընկերություններ փաստացի չեն գործում, իսկ որոշ ձեռնարկություններ շարունակում են փակ մնալ՝ չնայած դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներին, որոնցով քննիչներին արգելվել է միջամտել սեփականության իրավունքին և փակել կամ կնքել այդ ձեռնարկությունները։

Կուսակցությունն այս գործողությունները համարում է քաղաքական հետապնդում։

ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրավական գործընթացներին զուգահեռ շարունակելու է քաղաքական աշխատանքը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում