Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործի նախաքննության նկատմամբ ենթադրյալ ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նազարյանը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1999-2001-ին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին գլխավոր դատախազը պատշաճ չի իրականացրել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու և քննիչին քննչական ու այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ տալու իր լիազորությունները։
Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, 2000-ի մարտի 25-ին գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել Սասուն Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցնելու մասին՝ չնայած սպանությանն առնչությունը հաստատող մի շարք ապացույցների առկայությանը։
2025-ի հոկտեմբերի 31-ին Առուշանյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քննիչը նաև սպանությանը Հ․ Ն․-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում չի կայացրել։ Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել շուրջ 25 տարի անց՝ 2025-ի հուլիսի 31-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։
Քննչական կոմիտեն պնդում է, որ Նազարյանն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։
Նազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։
Վահրամ Խորխոռունին սպանվել է 1998-ի դեկտեմբերի 10-ին՝ Երևանի Սայաթ-Նովա փողոցում։
2025-ի հուլիսի 18-ին՝ սպանությունից շուրջ 27 տարի անց, Քննչական կոմիտեն հայտարարել էր սպանության բացահայտման մասին։ Ըստ նախաքննական մարմնի՝ սպանությունը շահադիտական դրդումներով կազմակերպել է Սասուն Առուշանյանը՝ ևս երկու անձի մասնակցությամբ։ Առուշանյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել։
Սպանության գործն ուղարկվել է դատարան, սակայն սպանության պատվիրատուի ինքնությունը չի պարզվել։












