Գլխավոր Լրահոս

Ռուսաստանից Հայաստան՝ ընտրության. Միկա Բադալյանի՝ ավիատոմսի առաջարկից օգտվելու ՍիվիլՆեթի փորձը

Ռուսաստանից Հայաստան՝ ընտրության. Միկա Բադալյանի՝ ավիատոմսի առաջարկից օգտվելու ՍիվիլՆեթի փորձը

«Ոչ մի ցուցակ, ոչինչ չի լինելու». ռուսաստանյան «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը այս խոստումով էր դեռ մարտին դիմում Ռուսաստանում բնակվող հայերին՝ առաջարկելով օգնել նրանց գալ Հայաստան և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Հայտարարությունը հնչել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումից հետո, թե Ռուսաստանի հայերի մեծ մասը ընտրություններում իրենց ձայնը տալու են գործող իշխանությանը։

«Շատ եմ ուզում օգնել հայերին գնալ Հայաստան խորհրդարանական ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը։ Առավել ևս, որ պարոն Փաշինյանը վստահ է, թե Ռուսաստանի հայերը իրենց ձայնը կտան իրեն»,- մարտի 12-ին Տելեգրամում հրապարակած տեսաուղերձում ասել էր Բադալյանը։

Մայիսի 3-ին՝ Մոսկվայի հայկական եկեղեցու դիմացից հրապարակված մեկ այլ տեսաուղերձում, նա կրկին անդրադառնում էր Փաշինյանի այդ հայտարարությանը և կոչ անում իր հետ կապ հաստատել նրանց, ովքեր ընտրություններին մասնակցելու համար տոմսերի ձեռքբերման օգնության կարիք ունեն, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այլ հայրենակիցների ուղևորությանը։

Պարզելու համար, թե ինչ սխեմայով էր կազմակերպվում Ռուսաստանից ընտրողների Հայաստան գալու աջակցությունը, #CivilNetCheck-ի լրագրողը Տելեգրամում կապ հաստատեց Բադալյանի հետ՝ ներկայանալով որպես Ռուսաստանում բնակվող հայ։ 

Չորս ուղևորի պատմություն

Բադալյանին գրեցինք, որ Ռուսաստանում բնակվող չորս հոգանոց ընտանիք ենք՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է արդյոք Հայաստան մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերել։ Նա արագ արձագանքեց՝ առաջարկելով ուղարկել ուղևորների անուն-ազգանունները, բնակության քաղաքը և կապի տվյալները։

Էկրանապատկեր՝ Միկա Բադալյանի հետ Տելեգրամում ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Միկա Բադալյանի հետ Տելեգրամում ունեցած հաղորդակցությունից

Բադալյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ են չորսի համար էլ ավիատոմսեր գնել։ Մայիսի 5-ին նա պատասխանեց, որ արդեն 1,200 մարդու համար գնվել են տոմսեր՝ ակնարկելով, որ դա խնդիր չէ։ Հարցին, թե ով է կապ հաստատելու մեզ հետ, պատասխանեց, որ դա կանի «պատասխանատու մարդը»։

Այնուհետև ուղարկեցինք հորինված անուններ և կոնտակտներ՝ նշելով, որ բնակվում ենք Սանկ-Պետերբուրգում։ 

Մի քանի օր, սակայն, ոչ ոք կապ չհաստատեց։ Երբ Բադալյանից կրկին հետաքրքրվեցինք, թե արդյոք արժե սպասել, նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ «հերթը մեծ» է։ Վստահեցրեց, որ անպայման կապ կհաստատեն։

«Պատասխանատու մարդը»

Մայիսի 15-ին Տելեգրամում հաղորդագրություն ստացանք «Simon of Cyrene» օգտանունով մեկ այլ օգտատիրոջից։ Օգտահաշվի հետ կապված որևէ նույնականացնող տեղեկություն հասանելի չէր․ հեռախոսահամարը թաքցված էր, իսկ օգտահաշվում անձի ինքնությունը պարզելու հնարավորություն չկար։

Նամակում գրված էր. «…Գրում եմ տոմսերի ձեռքբերման հարցով։ Ձևակերպման համար խնդրում եմ տրամադրել անձնագրային տվյալները, ինչպես նաև ձեզ հարմար թռիչքի և վերադարձի ամսաթվերը։ Նշեք մեկնման և վերադարձի օդանավակայանները։ Ցանկալի է այնտեղ լինել ոչ ուշ, քան ամսի 6-ին, ավելի լավ է՝ մի փոքր շուտ։ Հետադարձ թռիչքը՝ 8-ին կամ 9-ին, ինչպես հարմար կլինի»։

Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից

Խոսակցություն ծավալելու նպատակով հետաքրքվեցինք` հնարավո՞ր է արդյոք բացի տոմսերից հոգալ նաև այլ ծախսեր։ Պատասխանը բացասական էր։ Հետո ճշտեցինք՝ հնարավո՞ր է հունիսի 6-ին մեկնել Հայաստան, սակայն վերադառնալ ոչ թե հունիսի 8-9-ին, այլ ամսվա վերջում։ Պատասխանը դրական էր։ 

Այնուհետև ուղարկեցինք հորինված անձնագրային տվյալներ։ 

Մեր ուղարկած հորինված տվյալները ստանալուց հետո զրուցակիցը նկատեց, որ ներկայացված են «հայկական արտասահմանյան անձնագրի» (армянский загранпаспорт) տվյալներ, սակայն անունները գրված են կիրիլիցայով։

Այս արձագանքն ուշագրավ է, քանի որ Հայաստանին քիչ թե շատ ծանոթ մեկը գիտի, որ այստեղ «արտասահմանյան անձնագիր» կամ «զագրանպասպորտ» հասկացություն գոյություն չունի։ Այդ պատճառով տպավորություն է, որ մեր զրուցակիցը ոչ միայն ծանոթ չէ Հայաստանի անձնագրային համակարգին, այլև, հնարավոր է, ընդհանրապես հայ չէ։ 

Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից

Թռիչքի տվյալներ՝ չորս ուղևորի համար

Մայիսի 22-ին ուղարկեց չորս ուղևորի անուններով ավիափոխադրման տվյալներ, որոնք արտաքին հատկանիշներով նման են ավիաընկերությունների ամրագրման համակարգերից ստացվող երթուղային տվյալների։ Դրանցում նշված են ուղևորների անունները, թռիչքների համարները, ամսաթվերը, ժամերը և տոմսերի գինը։ 

Ինչպես ցանկացել էինք, թռիչքները նախատեսված էին Սանկտ Պետերբուրգից Երևան՝ հունիսի 6-ին, և Երևանից Սանկտ Պետերբուրգ՝ հունիսի 20-ին։ Գինը՝ 44,000 ռուբլի մեկ անձի համար՝ էկոնոմ դասի, առանց ուղեբեռի և չվերադարձվող տոմսերի համար։ Այսինքն՝ մեկ ուղևորի համար պատրաստ էին վճարել ներկայիս փոխարժեքով մոտ 230,000 դրամ, ընդհանուր մոտ 910,000 դրամ:

Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից

Ուղարկված տվյալները հաստատելուց հետո սկսեցինք «պատրաստվել» ուղևորությանը։ Հաջորդ օրերին մի քանի անգամ ճշտեցինք՝ արդյոք տոմսերը վերջնականապես գնվել են։ Զրուցակիցը յուրաքանչյուր անգամ հավաստիացնում էր, որ գործընթացն ընթացքի մեջ է։ Մայիսի 31-ին նա պատասխանեց, որ իր կարծիքով, վերջնական հաստատումը կլինի երկուշաբթի՝ հունիսի 1-ին։

Նույն օրը Բադալյանը Տելեգրամում նոր տեսաուղերձ հրապարակեց՝ հայտնելով, որ հնարավորություն է ստեղծվել ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնելու համար տոմսերով ապահովել ավելի մեծ թվով հայրենակիցների։ Նա նաև կոչ արեց շտապ կապ հաստատել իր հետ՝ նշելով, որ գրանցումը փակվելու է առաջիկա երկու օրվա ընթացքում։

Տոմսերն այդպես էլ չեկան

Հունիսի 1-ին Տելեգրամի Ateo Breaking ալիքը հրապարակեց Բադալյանի հետ հաղորդակցության սքրինշոթեր։ Ինչպես մեր դեպքում, այստեղ էլ Բադալյանը խոստանում էր տոմսեր։ Թռիքի օր էր նշել հունիսի 4-ը՝ Մոսվվայից։ Գրառումը լայն տարածում գտավ, ինչին նույն օրը արձագանքեց նաև Բադալյանը։ Նա հայտարարեց, որ նման օգնության մասին բացահայտ խոսում է դեռ մարտի 12-ից, և պնդեց, թե արդեն «հազարավոր մարդիկ» օգտվել են այդ հնարավորությունից։ Բադալյանը շեշտեց նաև, որ տոմսեր տրամադրելիս որևէ քաղաքական պայման կամ նախընտրական քարոզչություն չի իրականացվում, և կրկին կոչ արեց ընտրություններին մասնակցելու համար Հայաստան մեկնել ցանկացողներին իր հետ կապ հաստատել Տելեգրամով։

Հունիսի 2-ին մեր անանուն զրուցակիցը նոր հաղորդագրություն ուղարկեց՝ տեղեկացնելով, որ «ցավոք, տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կա միայն հունիսի 4-ի համար և միայն՝ Մոսկվայից»։ Պատասխանեցինք, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում նաև Մոսկվա մեկնել, եթե թռիչքը հաստատվի։ Զրուցակիցը պատասխանեց, որ կճշտի և կվերադառնա հարցին։

Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Տելեգրամում «Simon of Cyrene» հետ ունեցած հաղորդակցությունից

Սակայն հունիսի 3-ին ստացանք վերջնական պատասխան. «Ներողություն եմ խնդրում, սակայն ստիպված եմ տեղեկացնել, որ այս պահին, ցավոք, հնարավոր չէ ձեռք բերել տոմսեր, ուստի, ցավոք, չենք կարողանա օգնել ձեզ»։ Հարցրինք, թե որն է պատճառը, սակայն արձագանք չեղավ։ 

Գրեցինք Բադալյանին՝ դժգոհություն հայտնելով, որ ամբողջ ամսվա ընթացքում վստահեցրել էին մեզ, թե հարցը լուծված է, ինչի պատճառով արդեն փոխել էինք մեր ծրագրերը, արձակուրդ վերցրել և պատրաստվում էինք ուղևորությանը։ 

Բադալյանը պատասխանեց, որ խնդիրը իրենցից կախված չէ և պատճառաբանեց, թե «բավարար թվով տեղեր չեն հատկացվել»։ Երբ հարցրինք, թե ումից է կախված գործընթացը, եթե ինքն է զբաղվում դրա կազմակերպմամբ, հիշեցրինք նաև, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակայնորեն հայտարարել էր տոմսերի համար նոր հնարավորությունների մասին, նա կրկին պնդեց, որ «ամեն ինչ իրենից կախված չէ»։ Հարցին, թե այդ դեպքում ումից է կախված գործընթացը և արդյոք ինքը չէր զբաղվում դրա կազմակերպմամբ, Բադալյանը պատասխանեց, որ այո, ինքն է զբաղվել, սակայն կրկին ընդգծեց, որ «ոչ ամեն ինչ իրենից է կախված»։ Առաջարկեցինք գոնե երկու տոմս գնել, ինչին պատասխանեց. «Ցավոք, այս պահին որևէ հնարավորություն չունեմ»։

Էկրանապատկեր՝ Միկա Բադալյանի հետ Տելեգրամում ունեցած հաղորդակցությունից
Էկրանապատկեր՝ Միկա Բադալյանի հետ Տելեգրամում ունեցած հաղորդակցությունից

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ հարուցեց

Հատկանշական է, որ մերժման պատասխանը ստացանք հունիսի 3-ին՝ այն նույն օրը, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ քրեական վարույթ է նախաձեռնել Միկա Բադալյանի կողմից ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ։

Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ստացվել են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների խոստացել է ծառայություններ և այլ առավելություններ՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու պայմանով։ Հաղորդագրությունում նշվում էր, որ ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Արդյոք քրեական վարույթի հարուցումն էր պատճառը, որ տոմսերն այդպես էլ չուղարկվեցին մեզ, դժվար է ասել։ Սակայն Բադալյանի բացատրությունը, թե «բավարար թվով տեղեր չեն հատկացվել», չի համընկնում այս օրերին իր իսկ հնչեցրած հայտարարություններին, թե նոր հնարավորություններ են ստեղծվել, և հնարավոր կլինի ավելի մեծ թվով մարդկանց ապահովել տոմսերով։

Փաստացի շաբաթներ շարունակ մեզ տոմսեր խոստանալուց հետո գործընթացը դադարեցվեց հենց այն օրը, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց Բադալյանի վերաբերյալ քրեական վարույթի մասին։

Հարկ է նշել նաև, որ մեր ողջ հաղորդակցության ընթացքում որևէ ընտրական ուղղորդում ո՛չ Բադալյանի, ո՛չ էլ մյուս օգտատիրոջ կողմից չի հնչել։ Սակայն քանի որ գործընթացը կանգ առավ մինչև տոմսերի վերջնական տրամադրումը, չի կարելի բացառել, որ նման պահանջ կարող էր լինել արդեն տոմսերը ստանալուց հետո։

Եթե տոմսեր իսկապես գնվել են մյուսների համար, ապա որտեղի՞ց են գոյացել դրանց համար անհրաժեշտ միջոցները։

Factor TV-ի հետ զրույցում Բադալյանը պնդել էր, որ նախաձեռնությունը ֆինանսավորվում է բացառապես «հայ բարերարների» կողմից, որոնք ցանկանում են օգնել քաղաքացիներին մասնակցելու ընտրություններին։ Հարցին, թե ովքեր են այդ բարերարները, նա պատասխանել էր, որ նրանք հրապարակայնություն չեն ցանկանում։

Սակայն այս թեման վերջին ամիսներին հայտնվել է նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Reuters-ի հետաքննության համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերի տեղափոխումը Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Հետաքննությունը, հղում անելով մի շարք աղբյուրների, նշում է, որ ռուսական կողմը հաշվարկել էր շուրջ 50 միլիոն դոլար ծախս՝ 100,000 ընտրողի տեղափոխման համար։ Reuters-ը նաև նշել է, որ չի կարողացել ինքնուրույն հաստատել, թե արդյոք այդ ծրագիրն իրականում իրականացվում էր, և որքանով այն կարող էր ազդել ընտրությունների արդյունքի վրա։

Մեր այս հետաքննությունը իհարկե չի կարող հաստատել, թե արդյոք Բադալյանի կողմից կազմակերպվող տոմսերի տրամադրումն առնչություն ուներ Reuters-ի նկարագրած սխեմայի հետ։ 

Սակայն հաշվի առնելով, որ Բադալյանը ներգրավված է ռուսական իշխանությունների հետ կապվող «Եվրազիա» հիմնադրամի գործունեության մեջ, իսկ հիմնադրամը նախկինում հայտնվել է նաև Մոլդովայում ընտրական գործընթացների վրա ազդեցության և ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքների կենտրոնում, չի կարելի բացառել, որ նրա նախաձեռնությունը կարող էր առնչություն ունենալ Reuters-ի նկարագրած ավելի լայն սխեմային։

Տոմսերի այս պատմությունը «Եվրազիայի» գործունեության ավելի լայն պատկերի միայն մի մասն է։ Թե ինչ մեթոդներով է կազմակերպությունը կառուցել իր ազդեցությունը Հայաստանում, ինչ դեր են այդ գործընթացներում ունեցել Միկա Բադալյանն ու նրա գործընկերները, և ինչպես են այդ մեխանիզմները փոխկապակցվել քաղաքական ու հանրային գործընթացների հետ, շուտով կարող եք կարդալ CivilNet-ի և DFRLab-ի համատեղ հետաքննությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում