Պատրաստ ենք «վճռական պատերազմի»․ Իրանի ԱԽ քարտուղար

Իրանը պատրաստ է ավելի ուժեղ և ցավոտ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները։ Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք լիովին պատրաստվել ենք վճռական պատերազմի, և ԱՄՆ-ի ռազմական խոցելիությունները մեզ լիովին հայտնի են։ Այս անգամ մենք շատ ավելի լավ ենք պատրաստված»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ «հիմար պատերազմ» է սկսել և շարունակում է այն։ Ռեզային պնդել է, որ պատերազմը սկսվել է Իսրայելի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի դրդմամբ՝ հայտարարելով, որ Նեթանյահուն Թրամփին «ճահիճ է գցել»։
Իրանի պաշտոնյան նաև ներկայացրել է պատերազմի դադարեցման Թեհրանի պայմանները՝ Իրանի սառեցված ակտիվների ազատում, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցում, Իրանի ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն և ծովային շրջափակման վերացում։
Ռեզային հայտարարել է, որ Իրանը մինչ այժմ շարունակում է մնալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ, սակայն այժմ քննարկում է դրանից դուրս գալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ որոշումը կախված կլինի ԱՄՆ-ի հետագա գործողություններից։
ԱՄՆ Պետդեպարտամենտը սեպտեմբերի 19-ին անվտանգության նախազգուշացում էր տարածել՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում անկանխատեսելի էսկալացիայի հավանականություն կա։ ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արվել ավելի զգոն լինել և հաշվի առնել հնարավոր չվերթների չեղարկումներն ու օդային տարածքների փակումը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադարի համաձայնության հասան և ակտիվ բանակցություններ սկսեցին, սակայն հուլիսի 10-ին իրավիճակը կրկին սրվեց։ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց վերսկսել ռազմական գործողությունները։
Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոխադարձ հարվածներ։











