Գլխավոր Լրահոս

«ԵՄ-ն հրաժարվել է հայկական լոլիկից»․ կեղծ լուր՝ Politico-ի անունից

«ԵՄ-ն հրաժարվել է հայկական լոլիկից»․ կեղծ լուր՝ Politico-ի անունից

Iravunk.com-ը հուլիսի 23-ին «ԵՄ-ն հրաժարվել է հայկական լnլիկներից. Politico» վերտառությամբ հոդված է հրապարակել։

«ԵՄ-ն հրաժարվել է հայկական լոլիկներից, քանի որ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն արդեն ավարտվել է ցանկալի արդյունքով»,- գրել է կայքը՝ պնդումը վերագրելով ամերիկյան Politico պարբերականին։

Հոդվածում նաև մեջբերվել է ռուսական «փորձագիտական աղբյուրի» մեկնաբանությունը, ըստ որի՝ Եվրոպան հերթական անգամ «գցել է» հայերին, իսկ «դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»։ Սակայն Politico-ն նման տեղեկություն չի հրապարակել։ Պնդման իրական աղբյուրը ռուսական է և հեղինակավոր ամերիկյան պարբերականին հղումը չի համապատասխանում իրականությանը։

Politico-ի անունից տարածված կեղծ պնդումը 

Ռուսաստանը 2026-ի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի և այլ բանջարեղենի նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» որոշումը բացատրել է հայկական արտադրանքում արձանագրված խախտումների հաճախակիացմամբ։ Հուլիսի 20-ին լոլիկի մթերման խնդիրներից դժգոհ գյուղացիները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը։

Այս ֆոնին Iravunk.com-ը, հղում անելով Politico-ին, մեջբերել է «ռուսական փորձագիտական աղբյուրի» մեկնաբանությունը, թե Եվրոպան «գցել է» հայերին, ինչպես նախկինում՝ Ուկրաինային։

Հոդվածում մեջբերված հատվածը ռուսաստանցի ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյակի՝ հուլիսի 22-ին տելեգրամյան իր ալիքում հրապարակած գրառումից է։ Գրառման սկզբում նա Politico-ին է վերագրել հայկական լոլիկից ԵՄ-ի հրաժարվելու մասին պնդումը, ապա դրան կցել իր մեկնաբանությունը։

«Եվրոպան «գցեց» հայերին։ [...] Նրանք գիտեն խոստանալ։ Բայց երբեք չեն կատարում։ Նույնն էր նաև Ուկրաինայի հետ»,- գրել է բլոգերը։

Էկրանապատկերը՝ ռուսաստանցի ռազմական բլոգերի տելեգրամյան ալիքից
Էկրանապատկերը՝ ռուսաստանցի ռազմական բլոգերի տելեգրամյան ալիքից

Սակայն, Politico-ին կեղծ վերագրված պնդումը տելեգրամյան ալիքներում տարածվել է դեռևս Յուրի Պոդոլյակի գրառումից առաջ։ Մեր դիտարկած հրապարակումներից համեմատաբար ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, այն տարածել է Ռուսաստանից կառավարվող Во///дь ալիքը, որից հետո նույն բովանդակությունը հայտնվել է հարյուրավոր ռուսալեզու ալիքներում։ Այս ալիքներից շատերը նույն ժամերին տարածել են բառացիորեն նույն տեքստը, ինչը կարող է վկայել դրանց համակարգված կամ փոխկապակցված գործունեության մասին։

Պնդումը հետագայում տարածել են նաև հայկական անվանումներով Моя Родина - Арцах և Армянский калейдоскоп տելեգրամյան ալիքները, որոնք պարբերաբար հրապարակում են կեղծ տեղեկություններ և պրոռուսական թեզեր։

Հրապարակումներին կցվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ արհեստական բանականությամբ խմբագրված լուսանկարը։

Գրառումը տարածվել է նաև X-ի (նախկին Twitter) որոշ օգտատերերի էջերում, սակայն այնտեղ այն զգալիորեն ավելի քիչ տարածում է ստացել, քան Տելեգրամում։

Էկրանապատկերը՝ X-ում գրառման տարածումից
Էկրանապատկերը՝ X-ում գրառման տարածումից

Pravda ցանցը տարածել է նույն կեղծ պնդումը

Politico-ին կեղծ հղմամբ նմանատիպ տեղեկություն է տարածել նաև ռուսական Pravda Armenian-ն։ Հուլիսի 22-ին հրապարակված նյութում որպես սկզբնաղբյուր նշվել է ANNA NEWS տելեգրամյան ալիքը, իսկ պնդումը կրկին վերագրվել է Politico-ին։

Pravda-ն գրել է, թե Եվրամիությունը դադարեցրել է հայկական լոլիկի ներմուծման ծրագիրը՝ այն ներկայացնելով որպես նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված խոստում։

«ԵՄ-ն դրան գնաց այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելեց Հայաստանից գյուղմթերքի ներկրումը։ Սակայն ընտրություններից հետո այդ խոստման մասին նախընտրեցին մոռանալ»,- նշված է Pravda-ի հոդվածում։

Pravda-ն ռուսական ազդեցության ցանց է, որը կեղծ լրատվական կայքերով թիրախավորում է ավելի քան 80 երկիր և վերարտադրում Կրեմլին հարող աղբյուրների քարոզչական թեզերը։ Այն գործում է որպես տեղեկատվության «լվացման» համակարգ՝ այդ բովանդակությանը տալով անկախ ու վստահելի լրատվության տեսք։

Էկրանապատկերը՝ armenia.news-pravda[.]com-ից
Էկրանապատկերը՝ armenia.news-pravda[.]com-ից

Հուլիսի 2-ին Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հայաստանին կտրամադրվի լրացուցիչ 18 մլն եվրո՝ առևտրային կարողություններն ամրապնդելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար։ Այդ գումարը 52 մլն եվրոյի աջակցության փաթեթի եզրափակիչ մասն է և, մասնավորապես, կարող է ուղղվել արտահանման խթանման գործակալության ստեղծմանը։

Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց Հայաստանի համար ինքնավար առևտրային միջոցներ առաջարկելու մասին։ Դրանց կիրառման դեպքում դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը կազատվի մաքսատուրքերից, այդ թվում՝ հայկական թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի և մրգերի գրեթե 99%-ը։

Այսպիսով, Politico-ն չի հրապարակել տեղեկություն այն մասին, թե Եվրամիությունը հրաժարվել է հայկական լոլիկից։ Այդ պնդումը, միջազգային հեղինակավոր պարբերականին կեղծ վերագրմամբ, տարածվել է ռուսական աղբյուրներում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում