Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ երկրները զեկույց են պատրաստել Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին

ԵԱՏՄ երկրները զեկույց են պատրաստել Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին

Հայաստանի կողմից եվրոպական չափանիշների ներդրումը կարող է խաթարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական մաքսային տարածքը։ Այսպիսի մտահոգություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույցում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Զեկույցը պատրաստել են Եվրասիական միջկառավարական խորհրդում չորս երկրները՝ կատարելով 2026-ի մայիսի 29-ին նրանց ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Մայիսին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել Հայաստանի եվրոպական ինտեգրման քայլերի վերաբերյալ։ Նրանք պնդել էին, որ ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստվելը տնտեսական անվտանգության ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ անդամների համար։ Նախագահները նաև կոչ էին արել Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։

ԵԱՏՄ անդամ չորս երկրների պատրաստած հայտարարության համաձայն՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման դեպքում ռուսական գազի ներկրման տարեկան արժեքը կարող է աճել 69%-ով՝ 389 մլն-ից հասնելով 658 մլն դոլարի։ Կանխատեսումը հիմնված է գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար բարձրանալու և մատակարարման ծավալը չփոխվելու ենթադրության վրա։

Ռուսաստանի կառավարության փոխանցմամբ՝ նոր զեկույցում ուսումնասիրվել են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը և ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիությունը։ Մասնավորապես, գնահատվել է, թե որքանով են ԵԱՏՄ անդամակցությունից բխող Հայաստանի պարտավորությունները համատեղելի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ։

Փաստաթղթում ներկայացված են նաև իրավական մեխանիզմներ, որոնք, ըստ հեղինակների, կարող են կանխել Հայաստանի եվրոպական ինտեգրման հետևանքով առաջացող ռիսկերը։ Առանձին գնահատվել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։

Զեկույցը նախատեսվում է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երևանը մինչ այժմ հայտարարել է, որ չի նախատեսում անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է եվրոպական ինտեգրումը, քանի դեռ երկու գործընթացները համատեղելի են։

Օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը։

Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս կանգնած չէ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու միջև ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ կառավարությունը գնահատում է հնարավոր տնտեսական ռիսկերը, սակայն նախարարը չէր հստակեցրել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում որքան կարող է թանկանալ ռուսական գազը։

Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի հնարավոր տարբերակներից մեկն է։ Նրա խոսքով՝ նպատակը քաղաքացիներին հնարավորություն տալն է որոշելու՝ մնալ ԵԱՏՄ-ում, անդամակցել ԵՄ-ին, թե չանդամակցել դրանցից ոչ մեկին։

Երկու օր անց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստանի եվրոպական ուղու վերջնական հանգրվանը դեռ որոշված չէ։ Նա հիշեցրել էր, որ 2025-ի մարտին ընդունված՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը չի նշանակում անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015-ի հունվարից։ Միությունը նախատեսում է անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև միասնական մաքսային կարգավորումներ երրորդ երկրների հետ առևտրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում