Երևանում հասկանում են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը․Փաշինյան

Երևանում հասկանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը: Օգոստոսի 7-ին Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ Հայաստանը պատրաստ լինի դառնալու ԵՄ անդամ, դա էլ չի նշանակում, որ մեր երկիրն ավտոմատ կերպով կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ անհնար է ԵՄ-ին անդամակցելու հարցը դնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի։ Նա պարզաբանել է, որ սկզբում հարկավոր է Եվրամիությանը դիմել անդամակցության պաշտոնական հայտով, այնուհետև ստանալ միանալու թեկնածուի կարգավիճակ, և առանց այս փուլերի հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ։
«Դա կնշանակի, որ մենք Հայաստանի քաղաքացիներին կանգնեցնում ենք այնպիսի այլընտրանքների միջև ընտրության առաջ, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի ժողովրդի նկատմամբ և ոչ լեգիտիմ», - հավելել է վարչապետը։
Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխհարաբերությունները երրորդ երկրների հետ չպետք է ընկալվեն որպես զրոյական գումարով խաղ։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ Երևանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը։
«Հարգելի ընկերներ, Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցությունը մնում է արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև նոր կառավարության ծրագրում։
Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։











