Հայաստանը ներկայում ընտրություն չունի ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու միջև. նախարար

Լիա Ավագյան
Հայաստանը ներկայում ընտրություն չունի Եվրամիությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությունում մնալու միջև, քանի որ երկիրը դեռ պետք է իր ստանդարտները համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։ Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Շանթ ՀԸ-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հինգշաբթի երեկոյան։
«Վարչապետն էլ դրա մասին խոսել է և ասել է, որ նման հարց գոյություն չունի, որովհետև այսօր Հայաստանը չի կարող մտնել Եվրամիություն, վաղն էլ չի կարող, մյուս տարի էլ չի կարող, որովհետև այդ ստանդարտները պետք է բարելավվեն»,- ասել է Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ դեպի Եվրամիություն շարժվելը նախևառաջ նշանակում է Հայաստանի ստանդարտների փոփոխություն և համապատասխանեցում եվրոպական չափանիշներին։
«Իմ ընկալմամբ՝ դեպի Եվրամիություն շարժվելը հայաստանյան ստանդարտների փոփոխությունն է։ Այսինքն՝ մինչև դու Եվրամիության անդամ դառնաս, դու պետք է քո բոլոր ստանդարտները տարբեր ուղղություններով համապատասխանեցնես եվրոպական չափանիշներին»,- ասել է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ այդ փոփոխությունները Հայաստանի համար կարևոր են՝ անկախ նրանից՝ երկիրը երբևէ կդառնա ԵՄ անդամ, թե ոչ։
«Երբ որ մենք կփոխենք մեր ստանդարտները և կհամապատասխանենք եվրոպական ստանդարտներին և կհամապատասխանենք ընդհանրապես Եվրոպա մտնելու չափանիշներին, այն ժամանակ կարող է հարց առաջանալ՝ Հայաստանի ընտրություն կատարելու։ Մինչև էն ժամանակ, երբ որ դուք ընտրություն կատարելու բան չունեք, դուք դեռ աշխատանք ունեք անելու ձեր ստանդարտները լավացնելու ուղղությամբ, մինչև այդ պահը այդ ընտրությունը գոյություն չունի»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ սեփական ստանդարտների որակի բարձրացումը խնդիր չէ նաև ԵԱՏՄ-ի տեսանկյունից, քանի որ անդամ պետության որակական առաջընթացը, ըստ նրա, օգտակար է նաև միության համար։ «Մենք նույնիսկ ասել ենք, որ այն, որ Հայաստանը ուզում է իր ստանդարտները բարելավել ԵԱՏՄ շրջանակներում, դա շատ օգտակար գործողություն է, որովհետև ԵԱՏՄ անդամ պետությունը բարելավում է իր որակը, և այստեղ ես կարծում եմ որևէ մեծ խնդիր չկա»,- ասել է Հովհաննիսյանը։
Կառավարության անցած շաբաթ ներկայացված 2026-2031 թվականների ծրագրում ԵՄ անդամակցությունը որպես կառավարության հնգամյա նպատակ կամ հանձնառություն նշված չէ։ Փաստաթուղթը խոսում է «Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացման», ոլորտային ինտեգրման և Հայաստանի չափանիշները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու մասին։ Այն նաև հղում է անում 2025-ի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։ Կառավարության ծրագրի ակնկալվող արդյունքների շարքում նշված է Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը։
Տե՛ս՝ Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ Հայաստանը առաջիկայում կարող է սկսել ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց։
«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը, առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- ասել էր Փաշինյանը։
Նա նաև ասել էր, որ ԵՄ անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեն իմաստ կունենա այն ժամանակ, երբ պաշտոնական դիմումից հետո պարզ լինեն ԵՄ-ի արձագանքը և անհրաժեշտ բարեփոխումների ժամկետները։
Գազի հնարավոր թանկացման ռիսկերը հաշվարկված են
Հարցազրույցում Հովհաննիսյանը նաև ասել է, որ կառավարությունը հաշվարկել է տարբեր տնտեսական ռիսկեր, այդ թվում՝ Ռուսաստանից ներկրվող գազի հնարավոր թանկացման հետևանքները։
«Այո, հաշվարկներ կան գազի թանկացման հետ կապված տարբեր սահմանափակումների հետ կապված, իհարկե, մենք բոլոր ռիսկերը գնահատել ենք»,- ասել է նախարարը։
Նա չի ներկայացրել, թե ինչ չափով կարող է թանկանալ գազը կամ որքան կարող է կազմել դրա տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա։
«Մենք տարբեր ռիսկեր գնահատում ենք և այդ տարբեր ռիսկերի հաշվարկները փորձում ենք հնարավորինս ճշգրիտ դնել մեր ռիսկերի գնահատման համակարգում և պատկերացում ունենալ, թե այս կամ այն սցենարի նյութականացման դեպքում ինչպիսի հետևանքներ կարող են լինել»,- ասել է Հովհաննիսյանը։
Ռուսական շուկայի սահմանափակումները և արտահանումը
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Հովհաննիսյանն ասել է, որ դեպի Ռուսաստան արտահանվող հայաստանյան ծագման ապրանքների ծավալը Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ը չի գերազանցում։
«Այն սահմանափակումները, որոնք կիրառվում են, այն արտահանումը, որ մենք իրականացնում ենք դեպի Ռուսաստան, դա մեր ՀՆԱ-ի 3%-ը չի անցնում»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ կառավարությունն աջակցում է հայկական ընկերություններին նոր շուկաներ գտնելու հարցում և պնդել է, որ այդ ուղղությամբ խնդիրների զգալի մասը լուծվել է։
«Մեր աջակցության ծրագրերով մեր տնտեսվարողները գտնում են գործընկերներ այլ երկրներում և այն դիվերսիֆիկացիայի խնդիրները, որը մենք դնում էինք նախորդ հինգ տարիների ընթացքում, բայց հաջողությամբ չենք կարողացել լուծել տարբեր պատճառներով [...] հիմա այսօր այդ խնդիրները լուծվում են և մեր ապրանքները, այդ թվում գյուղատնտեսական ապրանքները արտահանվում են բազմաթիվ տարբեր երկրներ»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի սահմանափակումները ժամանակավոր են, սակայն շուկաների դիվերսիֆիկացումը կարևոր է համարել՝ անկախ դրանց հետագա ճակատագրից։
«Ես իհարկե հույս ունեմ, որ այն խնդիրները, այն սահմանափակումները, որոնք կիրառվել են Ռուսաստանի կողմից, դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ [...] Այն աշխատանքը, որը մենք հիմա անում ենք նոր արտահանման շուկաներ գտնելու ուղղությամբ, դա անկախ ամեն ինչից չափազանց կարևոր է և նոր հնարավորություններ է բացում մեզ համար»,- ասել է նախարարը։









