Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները չգիտեն, թե որն է Հայաստանի եվրոպական ուղու վերջնական նպատակակետը, երեքշաբթի հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկման ժամանակ Միրզոյանն ասել է, որ Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությունն ընդլայնվում է, սակայն վերջնական նպատակակետի հարցը բաց է մնում։
«Վախենամ՝ հիասթափեցնեմ ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները»,- ասել է նա՝ պատասխանելով դեպի Եվրոպա Հայաստանի ուղու վերջնակետի մասին հարցին։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանում ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։
«Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025-ի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը»,- նշել է նա։
Ազգային ժողովն օրենքն ընդունել է 2025-ի մարտի 26-ին՝ շուրջ 60,000 ստորագրություն հավաքած քաղաքացիական նախաձեռնության հիման վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր օրինագիծը՝ նշելով, որ դրա ընդունումը ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ չէ, և նման որոշումը պահանջում է համապետական հանրաքվե։
Միրզոյանը Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները բնութագրել է որպես աննախադեպ խոր ու սերտ՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են ոչ միայն քաղաքական երկխոսությունը, տնտեսությունն ու առևտուրը, այլև անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Նա թվարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստան–Ադրբեջան սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությունը, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում աջակցությունը և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում Հայաստանին աջակցող նոր առաքելությունը։ ԵՄ-ի վերջերս ընդունած ինքնավար առևտրային միջոցները, նրա խոսքով, ուղղված են Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։
Տե՛ս նաև՝ Ուժի մեջ մտան ԵՄ արտոնությունները. ըստ Մարագոսի՝ դրանք կվերաբերեն հայկական ապրանքների մոտ 80 տոկոսին
Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մի շարք ծրագրերից ու աջակցության գործիքներից օգտվում է՝ չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։
Հայաստանի եվրոպական ձգտումների վրա ազդող մեկ այլ կարևոր գործոն, ըստ Միրզոյանի, տարածաշրջանային միջավայրն է։ Նա մատնանշել է Ադրբեջանի հետ դեռևս լուծում պահանջող զգայուն հարցերը, Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը և Իրանի շուրջ բարդ իրավիճակը։
Ռուսաստանի դեպքում, Միրզոյանի խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել պատմականորեն սերտ հարաբերություններն ու այսօր էլ պահպանվող ամուր կապերը և պատշաճ կերպով կառավարել հնարավոր արձագանքը։
«Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք»,- ասել է նա։
Միրզոյանը նաև նշել է, որ Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման ուղու շարունակությունը կհեշտացներ Հայաստանի իրավիճակը։
Ֆորումի շրջանակում «ԵՄ-ի Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» թեմայով առանձին կլոր սեղանի ժամանակ ունեցած բացման խոսքում Միրզոյանը կոչ է արել ձևավորել ավելի ճկուն շրջանակ՝ գործընկեր երկրների տարբեր եվրոպական ձգտումները հաշվի առնելու համար։ Նա հիշատակել է 2025 թվականի դեկտեմբերին ընդունված Հայաստան–ԵՄ նոր ռազմավարական օրակարգը և 2026 թվականի մայիսին կայացած առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը՝ որպես հարաբերությունների ընդլայնման օրինակներ։
Պանելային քննարկման ժամանակ Միրզոյանն ասել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանն ու ԵՄ-ն, ներառյալ անդամ պետությունները, հաճույք են ստանում մերձեցման գործընթացից։
«Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ»,- ասել է նա։












