Գլխավոր Լրահոս

Ուժի մեջ մտան ԵՄ արտոնությունները. ըստ Մարագոսի՝ դրանք կվերաբերեն հայկական ապրանքների մոտ 80 տոկոսին

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Լուսանկարը՝ ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Լուսանկարը՝ ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։

Լիա Ավագյան

Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում Եվրամիության ժամանակավոր մաքսային արտոնությունները հայկական մի շարք ապրանքների համար։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՍիվիլՆեթի գրավոր հարցերին ի պատասխան ասել է, որ միջոցները կընդգրկեն դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ օգնելով արտադրողներին նոր շուկաներ գտնել։

Ինչ արտոնություններ է տրամադրում ԵՄ-ն

Հոկտեմբերի 9-ին ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգը հայկական ծագման գյուղատնտեսական և արդյունաբերական բազմաթիվ ապրանքների համար սահմանում է մաքսային արտոնություններ, որոնք կիրառվելու են մինչև 2028-ի հոկտեմբերի 11-ը։

Միջոցների նպատակն է աջակցել Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների պայմաններում։

Կանոնակարգում նշվում է, որ 2026-ի մայիսից Ռուսաստանը սահմանափակել է հայկական հիմնական արտահանվող ապրանքների՝ ներառյալ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրի, մրգերի ու բանջարեղենի ներմուծումը և տարանցումը։ Ըստ փաստաթղթի՝ այդ միջոցները նվազեցրել են Հայաստանի հասանելիությունն ավանդական շուկաներին, խաթարել մատակարարման շղթաները և հատկապես ազդել փոքր ու միջին ձեռնարկությունների ու գյուղարտադրողների վրա։

Արտոնությունները ներառում են թարմ և վերամշակված սննդամթերք, որոշ խմիչքներ, տեքստիլ, հագուստ, կոշիկ, ոսկերչական իրեր, սարքավորումներ և այլ ապրանքներ։ Կոնկրետ ապրանքի ընդգրկվածությունը որոշվում է կանոնակարգի հավելվածներում նշված մաքսային ծածկագրերով։

Ութ գյուղմթերքի համար արտոնությունները գործելու են տարեկան քվոտաների սահմաններում։ Թարմ կամ պաղեցված վարունգի և մանր վարունգի համար քվոտան կազմում է 6,500 տոննա, թարմ կամ չորացրած խաղողի համար՝ 5,000, հավելվածում նշված թարմ տանձի՝ 750, թարմ ծիրանի՝ 7,000, կեռասի՝ 2,000, դեղձի ու նեկտարինի՝ 3,500, սալորի՝ 1,500 և ելակի՝ 2,500 տոննա։

2026-ի քվոտաների կիրառման շրջանը սկսվում է հոկտեմբերի 10-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։

Կանոնակարգով ընդգրկված ապրանքների համար ժամանակավորապես կասեցվում են ներմուծման արժեքի նկատմամբ տոկոսով հաշվարկվող մաքսատուրքերը։ Որոշ գյուղմթերքի դեպքում արտոնությունը կիրառվում է միայն սահմանված քվոտաների շրջանակում։ Բոլոր հայկական ապրանքների համար լիակատար անմաքս մուտք չի սահմանվում։

Արտոնություններից օգտվելու համար ապրանքները պետք է համապատասխանեն հայկական ծագման կանոններին։ Հայաստանը պետք է նաև ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցի ծագումը հաստատող փաստաթղթերի ստուգման հարցում։

Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ԵՄ ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր ու առևտրային սահմանափակումներ սահմանելուց կամ գործողները բարձրացնելուց՝ բացառությամբ պատշաճ հիմնավորված և Եվրահանձնաժողովին ծանուցված դեպքերի։

Արտոնությունների տրամադրումը պայմանավորված է նաև ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմամբ և զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ Հայաստանի պարտավորությունների կատարմամբ։ Պայմանների խախտման դեպքում Եվրահանձնաժողովը կարող է արտոնությունները ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել։

ԵՄ-ն կարող է պաշտպանական միջոցներ կիրառել նաև, եթե արտոնյալ ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ կամ որևէ անդամ երկրի՝ նույնանման կամ անմիջապես մրցակցող ապրանքների շուկայի վրա։

Մարագոս․ միայն զրոյական մաքսատուրքը բավարար չէ

ՍիվիլՆեթին տված գրավոր պատասխաններում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը որոշումը ներկայացրել է որպես հայ արտահանողներին եվրոպական շուկա մուտք գործելու հարցում աջակցելու ԵՄ հանձնառության դրսևորում։

«Այսպիսի ինքնավար առևտրային միջոցները բացառիկ են։ Բայց գործընկերությունը նշանակում է համերաշխություն, և ԵՄ-ն մոբիլիզացվեց ու ժամանակին գործեց՝ օգնելու հայ արտադրողներին դիմակայել գարնանից նրանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցներին»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ նպատակը հայ գյուղարտադրողների և ընկերությունների համար նոր գնորդներ գտնելն ու Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն դարձնելն է։

Հարցին, թե հայկական որ ապրանքներն ունեն եվրոպական շուկայում առավել մեծ ներուժ, Մարագոսը պատասխանել է, որ դա կորոշեն հայ արտադրողները և եվրոպացի գնորդներն ու սպառողները։

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է ընկերություններին եվրոպական պահանջներին համապատասխանելու, ֆինանսավորում և փորձագիտական խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև գնորդների հետ կապեր հաստատելու հարցում։

«Առևտրային ցուցահանդեսների, գործարար առաքելությունների և ընկերությունների միջև հանդիպումների միջոցով հայ արտադրողներն արդեն անմիջականորեն հանդիպում են եվրոպացի մանրածախ առևտրականների ու դիստրիբյուտորների հետ, և նրանցից մի քանիսը կնքել են իրենց առաջին պայմանագիրը»,- հայտնել է նա։

Մարագոսը երկամյա արտոնությունների շրջանը համարել է հնարավորություն, որը հայկական բիզնեսը պետք է լիարժեք օգտագործի։ Նա նաև ընդգծել է, որ մաքսատուրքերի կասեցումն ինքնին բավարար չէ եվրոպական շուկայում հաստատվելու համար։

«Զրոյական մաքսատուրքը կարևոր քայլ է, բայց ինքնին ապրանքը չի հասցնի եվրոպական խանութի դարակին։ Տարբերությունը ստեղծում են ԵՄ չափանիշներին հետևողական համապատասխանությունը, կայուն ծավալներով մատակարարումները և եվրոպացի գործընկերների հետ վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերությունները»,– ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ որոշ ընկերություններ կարող են առանձնանալ յուրահատուկ արտադրանքով, իսկ մյուսները՝ միավորել ուժերը՝ ավելի մեծ ծավալներ առաջարկելու համար։ Նա ընդգծել է, որ երկարաժամկետ հաջողության համար անհրաժեշտ են ինչպես պատրաստված ընկերություններ, այնպես էլ աջակցող ինստիտուցիոնալ միջավայր։

ԵՄ աջակցությունը, ըստ Մարագոսի, ներառում է բյուջետային և տեխնիկական աջակցություն, ուսուցում, խորհրդատվություն, ֆինանսավորման և ներդրումների հասանելիություն։

«Մեր նպատակն ու ցանկությունն է, որ այս երկու տարիների ավարտին հայ արտահանողներն ամուր դիրքեր ունենան եվրոպական շուկայում, իսկ «Արտադրված է Հայաստանում» նշումը եվրոպացի սպառողների համար դառնա ծանոթ և վստահելի»,– ասել է Մարագոսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում