Կարևորում ենք Հայաստանում հնարավորինս արագ համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով. այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ կողմերը հաշվի են առնում Հայաստանի գործողությունները՝ ուղղված Եվրամիությանը միանալուն, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն ու նախագահի կողմից դրա ստորագրումը։
Նրանք նաև հիշատակել են 2026-ի մայիսի 5-ին ընդունված Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը, որով, ըստ հայտարարության, Եվրամիությունը հաստատել է Հայաստանի կառավարության եվրոպական ձգտումները։
Համատեղ հայտարարության հեղինակները պնդում են, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելը «էական ռիսկեր» է ստեղծում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական անվտանգության համար։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կողմերը որոշում ընդունեցին, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները 2026-ի դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդի հերթական նիստում կներկայացնեն Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույց»,- նշված է հայտարարությունում։
Կողմերը կիսում են այն դիրքորոշումը, ըստ որի անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
Մայիսի 29-ին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
...
«Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ծրագրում հայտարարում է, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ անդամ, քանի դեռ ԵՄ անդամակցության համար իրականացվող բարեփոխումները համատեղելի են դրա հետ։
Մայիսի սկզբին Երևանում անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Ռուսական կողմը վերջին շրջանում սահմանափակումներ է մտցրել հայկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ։ Մոսկվան նաև սպառնացել է դադարեցնել գազի, վառելիքի և ադամանդի մատակարարումների մասին համաձայնագրերը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։












