Կրեմլում դեռ չեն ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույցին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չենք ծանոթացել»,- պատասխանել է Պեսկովը՝ լրագրողի հարցին, թե արդյոք Կրեմլում արդեն ուսումնասիրել են ներկայացված զեկույցը։
Հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական և իրավական հետևանքների վերաբերյալ զեկույցը։
Փաստաթուղթը պատրաստվել է չորս երկրների նախագահների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունած համատեղ հայտարարության հիման վրա։ Այդ հայտարարությամբ երկրների ղեկավարները որոշել էին մինչև դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը պատրաստել համապատասխան զեկույց։ Նախագահները նաև կոչ էին արել Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։
Հոկտեմբերի 20-ին ներկայացված զեկույցում չորս երկրները գնահատել են Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի և ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը, ինչպես նաև պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքները։
Ըստ զեկույցի հեղինակների հաշվարկների՝ նման սցենարի դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 15,6 տոկոսով, իսկ գազի ներմուծման տարեկան արժեքը՝ աճել 69 տոկոսով՝ 389 մլն դոլարից հասնելով 658 մլն դոլարի։ Փաստաթղթում ներկայացված են նաև արտաքին առևտրի կրճատման, մաքսային սահմանափակումների վերականգնման և աշխատանքային միգրացիայի պայմանների խստացման հնարավոր հետևանքները։
Զեկույցի հեղինակները նաև դիտարկել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու իրավական հնարավորությունը։
Ռուսաստանի կառավարության հաղորդմամբ՝ զեկույցը կից դիմումը հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ միության անդամ հինգ երկրների ղեկավարներին պաշտոնապես փոխանցելու նպատակով։
Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման որոշում այս փուլում չի ընդունվել։












