«Մահացել է ընթրիքից հետո թունավորված ընտանիքի երրորդ երեխան»․ նոյեմբերի 7-ին նման վերնագրով գրառում են տարածել Cool info, znews.am և «Երեկո» ֆեյսբուքյան էջերը՝ օգտատերերին առաջարկելով հոդվածը կարդալ մեկնաբանությունում տեղադրված հղումով։
Սակայն հղումը տանում է փակ տելեգրամյան ալիք, որտեղ խոստացված նյութը չկա։ Երեխայի մահվան մասին տարածվող տեղեկությունը ևս չի հաստատվում։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն վերնագրով գրառումները տարբեր էջերում շրջանառվում են առնվազն 2025-ից՝ օգտատերերին ուղղորդելով տարբեր տելեգրամյան ալիքներ։
Ո՞ւր է ուղղորդում գրառումը
Խոստացված մանրամասներին ծանոթանալու համար օգտատիրոջից պահանջվում է նախ բաժանորդագրվել «dialectica» տելեգրամյան փակ ալիքին։ Սակայն ալիքին միանալուց հետո նման վերնագրով որևէ հրապարակում չի հայտնաբերվում։ Փոխարենը տեղադրված են Հայաստանի վերաբերյալ այլ լուրեր, որոնք ուղղորդում են դեպի dialectica.news կայքը։ Այն բացելիս զննարկիչը զգուշացնում է, որ կայքն անվտանգ չէ։ Կայք մուտք գործելուց հետո էլ հայերեն որևէ բովանդակություն չի հայտնաբերվում։

Ի՞նչ է հայտնի թունավորման դեպքի մասին
Ընթրիքից հետո թունավորված ընտանիքի երրորդ երեխայի մահվան մասին որևէ հավաստի լուր կամ պաշտոնական հաստատում չի հայտնաբերվել։
Նմանատիպ ողբերգական դեպք գրանցվել էր 2024-ի հուլիսին Գորիսի շրջանի Շինուհայր բնակավայրում։ Այդ ժամանակ ընտանիքի յոթ անդամներ թունավորվել էին, իսկ 4-ամյա երեխան մահացել էր։ Դեպքի մասին հաղորդել էր «Ազատությունը»։ Այս դեպքը, սակայն, չի հաստատում ընտանիքի երրորդ երեխայի մահվան մասին տարածվող պնդումը։
Ֆեյսբուքյան գրառումները նոր ողբերգության տպավորություն են ստեղծում՝ առանց դրա վերաբերյալ հաստատված տեղեկություն ներկայացնելու։
Նույն վերնագիրը՝ տարբեր էջերում և տարբեր տարիների
Երեխայի մահվան մասին նույն վերնագրով գրառումները տարածվել են նաև նոյեմբերի 4-ին և 5-ին։ Դրանք հրապարակել են Մենք մերոնցով, Armenian News, I Love Armenia, znews.am, Good, Cool info էջերը։
Այս գրառումների մեկնաբանություններում տեղադրված հղումները ևս ուղղորդում են դեպի «dialectica» տելեգրամյան ալիք։ Նոյեմբերի 5-ից 9-ն ալիքի հետևորդների թիվն ավելացել է շուրջ 3300-ով։ Այս աճը, սակայն, հնարավոր չէ ամբողջությամբ վերագրել նշված հրապարակումներին։

Համացանցում որոնումները ցույց են տալիս, որ նույն վերնագրով գրառումներ տարածվել են նաև 2025-ի տարբեր ամիսներին, ապա պարբերաբար՝ 2026-ին։ Դրանք հրապարակել են՝ Բա չիմացաք, Most.am, Հայ ենք, Mosinfo.am's Post, ՀԱՅ ՄԵԴԻԱ, Քաղաքը խոսում է, Թեժ լուրեր, Mosinfo.am, ArmBlog, Հետաքրքիր ժամանց, Հայի ձայն, Մեդիա հարթակ, ProMedia, Երևանյան Բլոգ և այլ էջերում:
Եթե նոյեմբերի հրապարակումների հղումները տանում են «dialectica», ապա նախորդ ամիսների գրառումներն ուղղորդում են դեպի Press TV, YerevanPost, Arm News տելեգրամյան ալիքներ և այլևս չգործող խմբային չաթ։
Այսպիսով, նույն վերնագիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվում է տարբեր ալիքներ լսարան ուղղորդելու համար։

Ողբերգական լուրերը՝ որպես խայծ
Բազմահազար հետևորդներ ունեցող այս ֆեյսբուքյան էջերում հիմնականում հրապարակվում են շոուբիզնեսին և ողբերգական պատահարներին վերաբերող լուրեր, երբեմն՝ նաև կեղծ տեղեկություններ։ Էջերի թափանցիկության բաժնի տվյալներով՝ դրանք ստեղծվել են տարբեր տարիներին՝ սկսած 2012-ից, և կառավարվում են Հայաստանից։
Երեխայի մահվան մասին գրառումներում կիրառվում է «քլիքբեյթ»՝ խայծ վերնագրի մեխանիզմը։ Ողբերգական լուրի մանրամասները կարդալու ակնկալիքով օգտատերը սեղմում է հղումը, ապա բաժանորդագրվում ալիքին՝ այդպես էլ չգտնելով խոստացված հոդվածը։
Այսպիսով, «Մահացել է ընթրիքից հետո թունավորված ընտանիքի երրորդ երեխան» պնդումը չի հաստատվում։ Առնվազն երկու տարի շրջանառվող վերնագիրն օգտագործվում է տելեգրամյան ալիքներ օգտատերերին ուղղորդելու համար։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











