Գլխավոր Լրահոս

Տեսողությունը վերականգնելու կեղծ խոստումներ. դիփֆեյքերով գովազդում են թանկացված միջոցներ

Տեսողությունը վերականգնելու կեղծ խոստումներ. դիփֆեյքերով գովազդում են թանկացված միջոցներ

Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում խոստանում են տնային պայմաններում պատրաստվող «օրհնված միջոցի» օգնությամբ վերականգնել տեսողությունն ու վերացնել աչքերի պղտորումը։

«Եթե ձեր տեսողությունը պատված է պղտոր շղարշով, փորձեք այս օրհնված տնային միջոցը։ Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր տառապում են կատարակտից, գլաուկոմայից և աչքերի պղտորումից։ Լսեք ինձ, քանի դեռ հավիտենական խավարը չի եկել։ Փորձեք այս պարզ մեթոդը՝ քրքումով, այսօր երեկոյան՝ քնելուց առաջ»,- ասում է տեսանյութում ներկայացող «բժիշկը»։

Տեսանյութ#CivilNetCheck-ը պարզել է, որ տեսանյութերում «բուժիչ միջոցները» գովազդում են արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյք կերպարներ։ Դրանք օգտատերերին ուղղորդում են կեղծ կայքեր, որտեղ տարբեր հավելումներ և աչքի խնամքի միջոցներ վաճառվում են շուկայականից զգալիորեն բարձր գներով։

Հայտնի կարդիովիրաբույժի և բեռնատարի վարորդի կեղծ կերպարները

Գովազդային տեսանյութերը նոյեմբերի 16-ից տարածվում են Dr. Morgan Reed, Aire Diagnostics's, Dr. Agnezhka Budvik, The Health Brief, The On-Call Journal ֆեյսբուքյան էջերով:

Տեսողության վերականգնման մասին տեսանյութերից մեկում որպես ակնաբույժ ներկայացվող անձն իրականում ռուսաստանաբնակ հայտնի սրտանոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանն է։ Գովազդում օգտագործվել է նրա դիփֆեյք կերպարը, որը ստեղծվել է համացանցում հասանելի հարցազրույցների և լուսանկարների հիման վրա։ Տեսանյութում Ալեքյանի հայերեն խոսքը հնչում է անբնական։ Նկատելի են նաև բառերի սխալ շեշտադրություններն ու արտասանության թերությունները։

«Հրաշագործ» բուժում խոստացող այս տեսանյութն օգտատերերին ուղղորդում է mx-sylbrix[.]life կայք։

Մեկ այլ տեսանյութում որպես բեռնատարի 58-ամյա վարորդ ներկայացող Գևորգը պատմում է, թե ընդամենը հինգ օրում վերականգնել է տեսողությունը «իսկական ռուսական սոդայի» օգնությամբ։

«Միայն իսկական մաքուր ռուսական սոդա։ Խմեք այս լուծույթը քնելուց առաջ, և մշուշը կանհետանա»,- ասում է նա։

Իրականում տեսանյութում օգտագործվել են Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորական Սաբա Չիկաիձեի մասնակցությամբ հրապարակված կադրերը, որոնք փոփոխվել են արհեստական բանականության միջոցով։ Նրա կերպարն օգտագործվել է՝ ստեղծելու տեսանյութում ներկայացվող «բեռնատարի վարորդ Գևորգին»։

Այս տեսանյութը ևս օգտատերերին ուղղորդում է կասկածելի՝ eu-myrve[.]icu կայք։

Էկրանապատկերները՝ կեղծ և իրական տեսանյութերից
Էկրանապատկերները՝ կեղծ և իրական տեսանյութերից

Ո՞ւր են ուղղորդում ֆեյսբուքյան էջերը և ի՞նչ նպատակով

Ֆեյսբուքյան գովազդային տեսանյութերն օգտատերերին ուղղորդում են կայքեր, որտեղ հրապարակված է արհեստական բանականությամբ ստեղծված շուրջ 20 րոպեանոց կեղծ «հարցազրույց»՝ տեսողությունը վերականգնելու խոստումներով։

Տեսանյութի տակ տեղադրված են նաև կեղծ ֆեյսբուքյան օգտահաշիվների անունից գրված դրական մեկնաբանություններ, որոնց հեղինակները պնդում են, թե առաջարկվող մեթոդն օգնել է վերականգնել իրենց տեսողությունը։

Կայքում նաև անհավանական խոստում է ներկայացվում. «Այս տեսանյութը մինչև վերջ դիտած մարդկանց 99,9%-ը 24 ժամվա ընթացքում ամբողջությամբ վերականգնել է տեսողությունը»։

Կեղծ «հարցազրույցը» վարող լրագրողի կերպարը ստեղծելու համար օգտագործվել են Ռուսաստանում հրատարակվող «Նոյյան տապան» («Ноев Ковчег») տեղեկատվական-վերլուծական թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանի մասնակցությամբ հարցազրույցի կադրերը՝ փոփոխելով դրանք արհեստական բանականության միջոցով։

Կեղծ «հարցազրույցում» ներկայացվում են նաև քաղաքացիներ, որոնք իբրև թե վերականգնել են տեսողությունը գովազդվող մեթոդի շնորհիվ։ Նրանցից մեկն իրականում իսպանական Roca Project փոդքասթի հյուր, դատական հոգեբան Ֆրանսեսկ Կլավեն է։ Նրա կերպարը ստեղծելու համար օգտագործվել են իրական հարցազրույցի կադրերը։ Մեկ այլ «գոհ քաղաքացու» կերպարի հիմքում էլ «Բարի լույս» հաղորդման հյուրերից մեկի կադրերն են։

Դրվագները կեղծ հարցազրույցից և իրական հաղորդումներից
Դրվագները կեղծ հարցազրույցից և իրական հաղորդումներից

Տեսանյութի ավարտին հայտնվում է «PROZRENIE» ակնամոմի ջրային լուծույթի գովազդը։ Այն առաջարկվում է ձեռք բերել իբր «50% զեղչով»՝ 9 900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է 1 800-2 900 դրամով, այսինքն՝ գովազդվող գնից շուրջ 3,4-5,5 անգամ էժան։

Կայքում տեղադրված է նաև անձնական տվյալների լրացման դաշտ, որտեղ օգտատերերից պահանջվում է տրամադրել իրենց տվյալները՝ ապրանքը պատվիրելու և առաքումը ձևակերպելու համար։

Այսպիսով, տեսողությունը վերականգնելու «հրաշագործ միջոցների» մասին գովազդային տեսանյութերը մոլորեցնող են։ Դրանցում օգտագործվում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կերպարներ և բուժման չհիմնավորված խոստումներ՝ օգտատերերին կասկածելի կայքեր ուղղորդելու և շուկայականից զգալիորեն բարձր գներով ապրանքներ վաճառելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում