Սոցիալական ցանցերում նոյեմբերի 19-ից տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում խոստանում են ընդամենը հինգ օրում բուժել նեյրոպաթիան, վերացնել ոտքերի այրոցն ու թմրածությունը և վերականգնել զգայունությունը։
«Այրոցն ու թմրածությունը կանհետանան 5 օրում։ Գաղտնի միջոցը՝ հղումով»,- ասվում է տեսանյութերին կից գրառումներում։
Տեսանյութերից մեկում հաղորդավարը ներկայացնում է նեյրոպաթիայի բուժման իբրև արդյունավետ միջոց՝ առաջարկելով 100 գրամ սննդային սոդան խառնել մեկ գուավայի հետ։
Այնուհետև խոսքը փոխանցվում է որպես բժիշկ ներկայացող Արմեն Սարգսյանին, որը խոստանում է ներկայացնել առանց ցավի քայլելու հնարավորություն տվող բաղադրատոմսը և հորդորում. «Սեղմեք «Իմանալ ավելին» կոճակը և փրկեք ձեր ոտքերն այսօր, քանի դեռ ուշ չէ»։
Արսեն Թորոսյանի կերպարով՝ կեղծ բժիշկ
Գովազդային տեսանյութերը տարածվում են The Diagnostic Daily և Riley Hayes ֆեյսբուքյան էջերով։
Տեսանյութում «բժիշկ Արմեն Սարգսյանի» հետ հարցազրույց վարող լրագրողի կադրերը վերցվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական թողարկումից և փոփոխվել արհեստական բանականության միջոցով։
Իսկ որպես բժիշկ ներկայացվող անձի կերպարը ստեղծվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի արտաքինի հիման վրա։
Այսպիսով, իրական հեռուստաեթերից վերցված լրագրողի կադրերը համադրվել են Արսեն Թորոսյանի արտաքինով ստեղծված կեղծ բժշկի կերպարի հետ՝ տպավորություն ստեղծելով, թե վերջինս իրական հարցազրույցում ներկայացնում է նեյրոպաթիայի բուժման մեթոդ։

Վրացական հեռուստաեթերից վերցված կադրերն ու կեղծ մեկնաբանությունները
Գովազդային տեսանյութի հղմամբ օգտատերերն ուղղորդվում են lat-sylphraxon[.]bond կայք, որտեղ հրապարակված է շուրջ 15 րոպե տևողությամբ մեկ այլ կեղծ «հարցազրույց»։
Այս անգամ լրագրողի կերպարը ստեղծելու համար օգտագործվել են վրացական հեռուստաընկերության լրատվական թողարկման կադրերը, որոնք փոփոխվել են արհեստական բանականության միջոցով։

Կայքում հրապարակված տեսանյութի տակ տեղադրված են նաև կեղծ օգտահաշիվների անունից գրված դրական մեկնաբանություններ, որոնց միջոցով փորձ է արվում համոզել օգտատերերին գովազդվող միջոցի արդյունավետության մեջ։
Կեղծ բժիշկը նաև պնդում է, թե Առողջապահության նախարարության տրամադրած դրամաշնորհի շնորհիվ միջոցի գինը նվազեցվել է 50%-ով, իսկ պատվերը ձևակերպելու համար որևէ կանխավճար չի պահանջվում։
«50% զեղչ»՝ շուկայականից մի քանի անգամ բարձր գնով
Տեսանյութի ավարտին օգտատերերին առաջարկվում է ձեռք բերել «Нейро-комплекс» անվամբ վիտամինային համալիր, որը նախատեսված է նյարդային համակարգի համար։ Այն գովազդվում է իբր «50% զեղչով»՝ 9 900 դրամով։
Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է շուրջ 1 609-2 172 դրամով։ Այսինքն՝ գովազդվող գինը շուկայում առաջարկվողից մոտ 4,6-6,2 անգամ բարձր է։
Կայքում տեղադրված է նաև անձնական տվյալների լրացման դաշտ, որտեղ օգտատերերին առաջարկվում է լրացնել իրենց տվյալները՝ ապրանքը պատվիրելու և առաքումը կազմակերպելու համար։

Այսպիսով, նեյրոպաթիան ընդամենը հինգ օրում բուժելու և անվճար բաղադրատոմս տրամադրելու խոստումներով տարածվող տեսանյութերը մոլորեցնող են։ Դրանցում օգտագործվում են հայտնի անձի արտաքինով ստեղծված դիփֆեյք կերպար և բուժման չհիմնավորված խոստումներ՝ օգտատերերին կասկածելի կայք ուղղորդելու և շուկայականից մի քանի անգամ բարձր գնով վիտամինային համալիր վաճառելու նպատակով։
Նելլի Լազարյան











