Գլխավոր Լրահոս

Թաթա Սիմոնյանի և Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ հերթական կեղծ տեսանյութերն են տարածվում

Թաթա Սիմոնյանի և Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ հերթական կեղծ տեսանյութերն են տարածվում

Սոցցանցերում կրկին տարածվում է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութ, որում նա իբր պատմում է առողջական լուրջ խնդիրներից «բուժվելու» մասին՝ բժշկի կողմից պատրաստված հատուկ ըմպելիքի օգնությամբ։ 

«Իմ կյանքը ամբողջովին փոխվեց 2020-ի հունվարի 5-ին, երբ հանդիպեցի բժիշկ Ալեքյան Բագրատ Գեղամովիչի տեսանյութին։ Նա պատմում էր ըմպելիքի մասին, որը վերականգնում է հոդերը, հանում բորբոքումը և վերադարձնում շարժունակությունը ընդամենը 5 օրում»,- ասվում է տեսանյութում։ 

Այնուհետև տեսանյութում իբր խոսում է հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանը՝ ներկայացնելով «իր կողմից ստեղծված դեղամիջոցը»։

Երգչի և հայտնի բժշկի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը դիփֆեյք են։ Գովազդի նպատակն է վաճառել «հրաշք ըմպելիքը», որը համացանցում ազատորեն վաճառվում է զգալիորեն ավելի ցածր գնով։ 

Իրական տեսանյութերից՝ կեղծված գովազդ 

Տեսանյութը տարածվում է The Medical Pulse, Ella Bell և Vital Nature  ֆեյսբուքով էջերով։ Տեսանյութում նկատելի է, որ հայերեն խոսքը բնական չէ․ բառերի արտասանությունն ու շեշտադրությունը հաճախ սխալ են, իսկ խոսքի որոշ հատվածներում առկա են արհեստականորեն գեներացված ձայնին բնորոշ անհամապատասխանություններ։

Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութը վերցված է Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման՝ 2025-ի հոկտեմբերի 29-ի թողարկումից։ Տեսանյութում օգտագործված կադրերը որևէ կապ չունեն գովազդվող ըմպելիքի կամ երգչի առողջական վիճակի մասին ներկայացվող պատմության հետ։ 

Իսկ Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ հատվածը վերցված է news.am-ի հետ նրա՝ 2023-ի հուլիսի 6-ի հարցազրույցից։ Այս դեպքում ևս իրական տեսանյութում բժիշկը չի խոսում «իր կողմից ստեղծված որևէ դեղամիջոցի» մասին։ 

Կեղծ գովազդային արշավ 

Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ կեղծված տեսանյութը սոցցանցերում տարածվող ավելի լայն գովազդային արշավի մի մասն է։ Տարբեր հրապարակումներում նույն կամ նմանատիպ «դեղամիջոցների» միջոցով խոստանում են վերականգնել նույնիսկ խիստ վնասված հոդերը, նվազեցնել հոդացավերը և պահպանել շարժունակությունն ու ակտիվությունը։ 

The Medical Pulse ֆեյսբուքյան էջը մի քանի օրվա ընթացքում այս «դեղամիջոցը» գովազդող առնվազն 20 հրապարակում է տարածել։ Դրանցում տեղադրված հղումները օգտատերերին ուղղորդում են doc.globamed[.]vip կայք։

Ella Bell էջում նույն «դեղամիջոցը» գովազդող առնվազն 8 հրապարակում է տարածվել, որոնց հղումները տանում են bee-power[.]online կայք։

Իսկ Vital Nature ֆեյսբուքյան էջում նույնատիպ տեսանյութերի առնվազն 73 գովազդ է միացված։ Դրանք թիրախավորում են տարբեր երկրներ՝ տվյալ երկրի լսարանին հարմարեցված բովանդակությամբ։ Հայաստանի համար նախատեսված տեսանյութերում, օրինակ, օգտագործվում է Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ դիփֆեյքը։

#CivilNetCheck-ը փորձարկման նպատակով լրացրել էր doc.globamed[.]vip կայքում տեղադրված ձևաթուղթը՝ գովազդվող ARTO NOVA «բնական միջոցը» ձեռք բերելու համար։ Գովազդում պնդվում էր, որ այն 17 ժամում «վերացնում է» հոդացավերը, իսկ կառավարության հետ համատեղ ծրագրի շրջանակում հոդացավեր ունեցողներին տրամադրվում է անվճար։

Սակայն կապ հաստատած ներկայացուցիչը հայտնել էր, որ արտադրանքն իրականում անվճար չէ։ Նրա խոսքով՝ այն վաճառվում է «50% զեղչով»՝ 19 500 դրամով։

Տես նաև՝ ԱԲ-ով կեղծված հայտնի դեմքեր՝ նույն գովազդային սխեմայում։ 

Մինչդեռ, ARTO NOVA արտադրանքը առևտրային հարթակներում վաճառվում է զգալիորեն ավելի ցածր գնով՝ մոտ 2000-5000 դրամի սահմաններում։

Էկրանապատկերը՝ ozon.com-ից
Էկրանապատկերը՝ ozon.com-ից

Այսպիսով, Թաթա Սիմոնյանի և Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ «հրաշք դեղամիջոց» գովազդող տեսանյութերը կեղծ են։ Նրանց կերպարներն օգտագործվում են առևտրային հարթակներում զգալիորեն ավելի ցածր գնով վաճառվող միջոցները ուռճացված գնով վաճառելու համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում